Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրայր Թովմասյանը հուշեր կգրի կուսակցության տարաձայնությունների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
18a3bcc33bc69660b09cad3c88f078c9

Ընտրություններից երկու ամիս հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հրայր Թովմասյանը չի ասի, որ ռեյտինգային ընտրակարգը ստվերեց խորհրդարանի ընտրությունները. «Այն աշխատեց եւ ոչ միայն տվյալ կարճ կոնկրետ ժամանակահատվածի համար, այլ ապագայի համար, թե մեր կուսակցություններն ինչ անելիքներ ունեն, ինչպիսի մարտավարություն, ինչպիսի կառուցվածք պիտի ունենա հետագայում հաղթանակի հասնելու համար»: Պարոն Թովմասյանը չի պնդում, թե ռեյտինգային ընտրակարգը ամենալավն է, բայց ինչու՞ իր քարոզած համակարգը այդքան լայնածավալ ընտրակաշառքների առիթ տվեց. «Չկա որեւէ կապ ընտրական համակարգի եւ ընտրական խախտումների միջեւ, էդ խախտումները կարող են լինել եւ մեծամասնական համակարգում եւ համամասնական եւ խառը համակարգերում»: Ինքը քարոզում էր մի համակարգի օգտին, որտեղ միմյանց դեմ սկսեցին պայքարել նույն կուսակցության անդամները, պարոն Թովմասյանը սա անվանում է ներտեսակային պայքար, որում այլ կուսակցությունների անդամներից բացի Սամվել Ալեքսանյանի եւ Միհրան Պողոսյանի դեմ պայքարում էին հանրապետականները. «Ընտրությունը ճիշտ էր եւ տվել է այն արդյունքները, ինչը որպես այդ համակարգի համահեղինակ ես ակնկալում էի»: Նոր Սահմանադրության համահեղինակը տեղյակ է, թե ինչքան բացասական վերաբերմունք կա ռեյտինգային ընտրակարգի հանդեպ: Դա ոչինչ չի նշանակում. «Ես չեմ պատրաստվում այդ համակարգից հրաժարվել»: Եթե հանկարծ կուսակցությունը որոշի անդրադառնալ ռեյտինգային համակարգից հրաժարվելուն, Հրայր Թովմասյանը հաստատ իր դիրքորոշումը կներկայացնի, որը ռեյտինգայինի օգտին է. «Բայց ես անդամներից մեկն եմ այդ մեծ խմբակցության, եւ եթե խմբակցությունը այլ բան կորոշի, ապա ես խմբակցության անդամ եմ»: Հրայր Թովմասյանը համոզված է, որ նույնիսկ կիսանախագահական համակարգում Սերժ Սարգսյանը երբեք միանձնյա որոշումներ չի ընդունել. «Իսկ դուք որտեղի՞ց ենթադրեցիք, եւ որտեղի՞ց ձեզ էդպիսի վստահություն, որ մեկ հոգին է որոշում կայացնում: Դուք քաջատեղյակ եք մեր ներքին խոհանոցի՞ն: Երբ որ գնամ կենսաթոշակի, վստահեցնում եմ, որ հուշեր կգրեմ, էնտեղ վստահեցնում եմ, որ կլինեն շատ կոնկրետ դեպքեր տարաձայնությունների, հակառակ որոշումների: Հենց դրա համար էլ կուսակցություն է»: