Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյանը հիշեցնում է Խորխոռունու, Մհերյանի սպանությունները. կառավարության ծրագիրն ընդունվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
bAsDgsct2Jc

ԱԺ նիստին այսօր Կառավարության 2017-22թթ. ծրագրի ներկայացմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, թե կփորձի այսօր հավեսով խոսել, թեեւ երբեմն դրա առիթը չի լինում. «Եկեք, հանդուրժողական ու կոռեկտ լինենք։ Եղան Կառավարության ծրագրի հետ կապ չունեցող էմոցիոնալ ելույթներ։ Դրանք ոչ կոռեկտ, անհեռանկարային, անձնական շեշտադրումներ ունեին։ Ուղղակի մի խորհուրդ` ճիշտ չէ դա։ Բոլորին շնորհակալություն եւ լավ տրամադրություն»: Դահլիճը սկսեց ծափահարել։ Կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ Ելք դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ասաց. «Երբ Վահրամ Բաղդասարյանը խոսում է պադյեզդների մասին, թող ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը պարզաբանում տան, թե իրենք ինչ առնչություն ունեն Գեւորգ Մհերյանի եւ Վահրամ Խորխոռունու սպանությունների հետ։ Ուզում եմ` Սերժ Սարգսյանին հիշեցնել Չաուշեւսկու ճակատագրի մասին»: «Եթե վարման կարգով էլի շեղվեք, ես կանջատեմ խոսափողը»,-հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով ԱԺ նախագահին, ասաց. «Պարոն Բաբլոյան, նորից եմ հիշեցնում` մենք ձեր աշխատողները չենք, ԱԺ-ն հիմնարկ չէ, դուք էլ դիրեկտորը չեք։ Պարն Բաղդասարյան, երեւի ձեր քունը չի տանում, որ Ելքի հետ մի բան լինի։ Դուք ձեր մասին մտածեք` եթե իշխանություն չունենաք, դուք անդամ էլ չեք ունենա»։ Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Ես նկատի ունեի, որ այնքան հեղինակություն չունեք, որ չվախենաք պադյեզդներով բարձրանալ։ Իսկ Ելքի համախմբվածության հետ կապված, համբերեք մինչև 2018թ.»: Այդ պահին Ելք դաշինքի քարտուղար Գեւորգ Գորգիսյանը խիստ վրդովված հայտարարեց. «Ընտրություններին մենք պադյեզդներով ենք ման եկել ու այնքան հեղինակություն ունենք, որ մեր ձայներով ենք ԱԺ հայտնվել, այլ ոչ թե ձեզ նման` սրան-նրան քսմսվելով, ուսխորհուրդներով մտել»։ Ելք դաշինքի մեկ այլ պատգամավոր` Արարատ Միրզոյանն էլ ավելացրեց, որ նիստից հետո վարչապետին կհանձնի այն փաթեթը, որտեղ զետեղված են աղբարկղից դուրս բերված ՀՀԿ ցուցակները. «Դրանք հանձնված են իրավապահ մարմիններին։ Կարծում եմ՝ կլինեն ազատազրկումներ, այդ թվում` այստեղ նստածներից»։ Նիստի վերջում նա իսկապես փաթեթը հանձնեց վարչապետին։ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց հանդարտեցնել կրքերը. «Բոլորս էլ ունենք ժողովրդի վստահությունը` մեկը կողմ, մյուսը` դեմ քվեարկելով»։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հերթին, դիմելով Էդմոն Մարուքյանին, ասաց. «Մի քիչ մտածեք` ինչ եք խոսում»։ Կառավարության ծրագիրը ընդունվեց 64 կողմ, 31 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Դահլիճը սկսեց ծափահարել։ Արա Բաբլոյանը նաեւ հայտարարեց, որ հուլիսի 6-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ժամանակ կքննարկվեն 2016թ. պետական բյուջեի կատարողականը, ինչպես նաև` պետական մի շարք մարմինների հաշվետվությունները։