Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերը դեռևս դիտարկում են ՀՀ-ից դուրս գալու միտքը. Քրիստոֆ Բիրվիրթ

Հասարակություն
pax

Փախստականների համաշխարհային օրվա առիթով ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթն այսօր, անդրադառնալով ՀՀ-ում գտնվող փախստականներին, նշեց, որ փախստականները երբեմն ամենաաղքատ խավն են կազմում. «Դա հատկապես ակնհայտ է դառնում ԼՂ հակամարտության վերսկսման քառօրյայի շրջանակում, երբ մի քանի հազար մարդ փախել էր ՀՀ, ու շատ քչերն են վերադարձել. Թալիշում դեռ անվտանգ չէ ապրելը»: Ըստ նրա` Սիրիայից տեղահանվածները մեծապես կարողացել են ինտեգրվել. «ՀՀ կառավարությունը հանձնառություն է արել փախստականների ՓՄՁ համար ավելի լավ պայմաններ անել, տուրիստական, ՏՏ ոլորտները զարգացնել, որտեղ տեղահանվածները կարող են իրենց աջակցությունը ցուցաբերել»։  Պարոն Բիրվիրթը նաեւ խոսեց մարտահրավերներից. «Սիրիայից դեպի ՀՀ ներհոսքը շարունակվում է, սակայն հատկապես բժիշկները վերադարձել են, դա հարգանքի արժանի որոշում է։ Այն ընտանիքները, որտեղ կան ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք, ամուրիներ, ուսանողներ, բարդ վիճակում են դեռ։ Դրա համար պետք է զգույշ լինենք հաջողված փորձերի մասին խոսելիս, քանի որ նրանք դեռ ինտեգրված չեն։ Հատկապես սիրիահայերը վարձակալում են բնակարաններ, այսինքն դեռ դիտարկում են ՀՀ-ից գնալու, ավելի արժանապատիվ ապրելու միտքը։ Դրա համար նրանց կարգավիճակի հարցը դեռ անորոշ է»: Փախստականները հիմնականում եկել են Ուկրաինայից, Իրանից, Արցախից, Աֆրիկյան որոշ երկրներից, Սիրիայից։ «Անցած տարի 2000 մարդ փախել է ԼՂ հակամարտության գոտուց` ծերեր, կանայք։ Տղամարդիկ մնացել են` կամ միանալով զինված ուժերին, կամ իրենց տունը պահելու։ Երեւանում նրանք ժամանակավոր կացարաններում են կամ բարեկամների տներում։ Մենք մեր կողմից կանխիկ գումար ենք տրամադրել, լվացքի փոշիներ։ ՀՀ պատմությունը հաշվի առնելով` բռնություններից փախած մարդկանց ապաստան տալը արմատացած է հայ հասարակության մեջ, ու դա հիանալի ելակետ է։ Փախստականներին օգնելը ոչ միայն կառավարության գործն է, այլ նրանց առաջին օգնության տրամադրումը առաջադրանք է ամբողջ հասարակության համար։ Պետք է ինքնաքննադատաբար անդրադառնալ այս խնդրին, թե ես ինչքան եմ օգնել այդ մարդուն, որն ամեն ինչ կորցրել է, երբեմն նաեւ իր սիրելիներին։ Մենք պետք է նաեւ ազնիվ լինենք այս առաջադրանքում։ Նրանց ժամանակ է պետք ու համբերատար պետք է լինենք, քանի որ բոլոր ջանքերը չէ, որ կատարյալ արդյունք են տալիս։ ՀՀ շատ ջերմ վերաբերմունք է ցույց տվել նրանց բոլորին»,- վստահեցրեց Քրիստոֆ Բիրվիրթը։ ՀՀ-ում այսօր կա ընդհանուր առմամբ 19 հազար փախստական։