Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գետառի փակումը մտահոգիչ է. Նարեկ Սարգսյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
narek1

Ֆիրդուսի շուկայի շինարարությունը կսկսվի այս տարվա աշնանը, շուկայի առեւտրականները դա գիտեին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին վստահեցրել է, որ շուկայի առեւտրականները տարածքից կհեռացվեն առանց ցնցումների: Ֆիրդուսի շուկան այս տարվա քաղաքաշինական նախագծերից միակը չէ, Կենտրոնը կշարունակվի կառուցապատվել։ «Ինչքան էլ որ բնապահպանները համաձայն չլինեն մեր հետ, այնուամենայնիվ Երեւանի Կենտրոնի թողունակությունը սահմանային չափերի մեջ են, այսինքն, 12,13, 17 եւ չեմ կարծում, որ կհասնեն 40 հարկերի»,- ասում է Նարեկ Սարգսյանը: Նարեկ Սարգսյանն այսօր անդրադարձավ նաեւ մի քանի օր առաջ մայրաքաղաքում տեղի ունեցած հեղեղումներին: Ջրերի առատությունը նա բացատրում է հեղեղատարների խցանումներով: Դրանք մաքրված չեն. «Պետք է մաքրեն նրանք, ովքեր այդ հեղեղատարների սեփականատերերն են: Այսինքն, ում բալանսում գտնվում է ջուրն ու կոյուղին»։ Երեւանի ջրի կառավարիչները Նարեկ Սարգսյանին ասել են, որ տեղումների քանակը հեղեղատարների հնարավորությունից շատ էր, ուստի ջուրը մնաց փողոցներում: Նարեկ Սարգսյանն այլ տեղեկություններ ունի. «Ես խոսել եմ մեր խորհրդային շրջանի համապատասխան մասնագետների հետ, ովքեր լավ են տիրապետում էդ խնդրին եւ ասել են, որ թողունակությունները միշտ հաշվարկվում են զգալի պահուստով»: Նարեկ Սարգսյանն ընդունում է, որ մայրաքաղաքի Գետառի փակումը մտահոգիչ է: Թեպետ այն կատարում է հեղեղատարի իր դերը: Սակայն Գետառը մայրաքաղաքի կենտրոնով չի ավարտվում, այն շարունակվում է եւ տարբեր հատվածներում դարձել վտանգավոր. «Մնացած բոլոր հատվածներում կամ փակված է, կամ ինքը հայտնվել է բնակելի հատվածի ետնամասում եւ դարձել է աղբանոց»: Ի դեպ, պարոն Սարգսյանն անդրադարձավ նաեւ Կասկադի անտառներում բարձրաստիճան պաշտոնյաների դղյակների շինարարության օրինականությանը: Ասենք, Հովիկ Աբրահամյանի դղյակն, ըստ նրա, կառուցվել է Հյուսիսային ճառագայթ ծրագրի նորմերով։