Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը չկա կրթական տուրիզմի որևէ քարտեզում (տեսանյութ)

Հասարակություն
unnamed5-2

Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ներգնա տուրիզմին` ինչ ենք առաջարկում և ինչ պահանջներ ունեն մեր երկիր այցելող զբոսաշրջիկները, որքանով են հյուրանոցները համապատասխանում ստանդարտներին թեմային, նշեց. «Ունենք ներգնա տուրիզմի զգալի աճ` տարվա 2-րդ եռամսյակի արդյունքներով` մոտ 25 տոկոսի աճ: Ունենք նոր հյուրանոցներ, ինչպես նաեւ` միջազգային բրենդային հյուրանոցներ կառուցվեցին մայրաքաղաքում ու դրանից դուրս։ Զբոսաշրջիկներին առաջարկվող ծառայություններն ընդլայնվում են։ Մատչելի են դառնում ավիատոմսերը։ Բացի եկեղեցիներ ու մշակութային հինավուրց վայրեր այցելելուց բացի, զբոսաշրջիկներին առաջարկվում եւ նաեւ` նրանք նախընտրում են արկածային, գյուղական տուրիզմը։ Հին Երեւան ասվածը, ցավոք, դեռ չկա. 15 տարի այդ ծրագիրը կա, սակայն տեղից չի շարժվում։ Երեւանը գեղեցիկ քաղաք է, ու զբոսաշրջիկները հավանում են այն։ Մայրաքաղաքում զբոսաշրջիկներն այցելում են մեր երեկոյան ակումբները, վայելում ուտեստները»:  Զբոսաշրջիկներ, ըստ նրա, գալիս են հիմնականում ՌԴ-ից, նախկին ԽՍՀՄ երկրներից, Իրանից, Արաբական երկրներից են ավելանում. «Դրան զուգահեռ մեր երկրում արդեն առաջարկվում են բոլոր տիպի հյուրանոցներ. օրինակ` Երեւանում 5-7 հազար դրամից սկսած կարող են վարձել հյուրանոցային սենյակ։ Հյուրանոցներից զբոսաշրջիկները դժգոհ են մնում, երբ ունենում են մի սպասելիք, սակայն այլ բան են ստանում։ Եթե գնահատենք 5 բալանոց համակարգով մեր հյուրանոցային համակարգը, ապա զբոսաշրջիկները 4,5-5 բալ են գնահատում։ Դա վատ ցուցանիշ չէ։ Իսկ Վրաստանի հետ կապված բավականին մրցունակ ենք»։ Քննարկման մասնակից «ԷՊԻԿ» միջազգային նախագծի համահիմնադիր Գեւորգ Ավետիսյանը խոսեց կրթական տուրիզմի մասին, որն իրականացնելու են «Արմենիա Թրավել» ընկերության հետ համատեղ. «100 ուսանող նախորդ տարի եկավ ՀՀ` կրթական տուրիզմի շրջանակներում։ Այս տարի ավելի շատ են լինելու։ ՀՀ այցելում են հիմնականում 50-60 եւ ավելի տարեկան զբոսաշրջիկներ, մեր նպատակն է երիտասարդներին ու ուսանողներին բերել ՀՀ, որպեսզի ավելի լավ ճանաչեն մեր երկիրը, տարածեն ինֆորմացիա մեր երկրի մասին։ ՀՀ-ն բացակայում է կրթական տուրիզմի ցանկացած քարտեզում, մեր նպատակներից մեկն այն է, որ ներառեն մեզ։ Այս տարի կրթական տուրիզմի շրջանակներում կանցկացվի ամառային դպրոց-ճամբար` օգոստոսի 1-21-ը Ծաղկաձորում։ Կլինի 200 այլազգի ուսանող, 50-100 սփյուռքահայ ուսանող, 50 ուսանող ՀՀ բուհերից։ Տեղացիների համար ամառային դպրոց-ճամբարի ամբողջական փաթեթը կկազմի 250 հազար դրամ, դա բավականին մատչելի է։ Իսկ այլազգիների ու սփյուռքահայերի համար` 970 եվրո»։