Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միակողմանի և ոչ օբյեկտիվ. ԱՆ ՔԿՎ-ն՝ ՄԻՊ-ի զեկույցի մասին

Քաղաքականություն
312

Պարզաբանում «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի կապակցությամբ   Հանգամանալից ուսումնասիրելով զեկույցը` hայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական սպասարկման ոլորտում զեկույցում բարձրացված իրական խնդիրների առկայության հետ համակարծիք լինելով հանդերձ` հարկ է նշել, որ անտեսվել են դրանց կարգավորման ուղղությամբ Քրեակատարողական ծառայության կողմից իրականացված միջոցառումները և առանձին դեպքերում, կարծում ենք, տրվել միակողմանի և ոչ օբյեկտիվ գնահատականներ: Պաշտպանի զեկույցում անդրադարձ չի կատարվել մասնավորապես քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումների կողմից տարված մեծածավալ աշխատանքներին: Այսպես, 2016 թվականին իրականացվել է 91260 ամբուլատոր ընդունելություն, որը  5852-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Շուրջ 190-ով աճել է ատամնաբուժական օգնություն ստացած անձանց թիվը (3716-3906), 11-ով նվազել է տուբերկուլյոզով հիվանդների թիվը: 2016թ. ընթացքում առողջապահական մարմինների բուժական հաստատություններ  բուժման նպատակով ուղեգրվածներից միայն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության շրջանակներում իր բուժումն է ստացել 116 ազատազրկված անձ: <<Դատապարտյալների հիվանդանոց>> քրեակատարողական հիմնարկում բուժվել են 358 դատապարտյալներ և կալանավորված անձինք (2015թ.- 218), որոնցից 99 –ը վիրահատվել է: Ստորև ներկայացնում ենք մեր պարզաբանումները զեկույցում մատնանշված խնդիրների և արտահայտված դիրքորոշումների առնչությամբ: 1.       Քրեակատարողական վարչությունը համակարծիք չէ ազատությունից զրկված հիվանդ անձի խնամքն ազատությունից զրկված այլ անձի կողմից իրականացնելու առնչությամբ զեկույցում արտացոլված դիրքորոշման և գնահատականների հետ, քանի որ  համապատասխան իրավակարգավորումների, անհրաժեշտ թվով սանիտարների հաստիքների, կամավորության հիմունքներով այդ աշխատանքներին մասնակցող անձանց վերապատրաստման ընթացակարգերի  բացակայության պարագայում որոշ դեպքերում օբյեկտիվորեն հնարավոր չէ այլ կերպ կազմակերպել խնամքը: Բացի այդ, մեր կարծիքով կամավորության հիմունքներով անազատության մեջ պահվող այլ անձի կողմից նման խնամքի իրականացումը, խնդրահարույց լինելով հանդերձ, չի կարող դիտվել Պաշտպանի վկայակոչած միջազգային իրավական ակտերի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների և ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, առավել ևս, որ որոշ դեպքերում իր խցակցի կողմից խնամվելու (վերջինիս համաձայնությամբ) ցանկություն է հայտնել հենց անազատության մեջ պահվող անձը: Զեկույցում մատնանշված օրինակներից մեկի առնչությամբ (էջ 15, 3-6-րդ պարբերություններ), հարկ ենք համարում նշել, որ ՄԻԵԴ-ը մերժել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ կալանավորված անձի հայցը` այն համարելով չհիմնավորված, ուստի այդ օրինակի վկայակոչումը համարում ենք ոչ հիմնավոր: 2.         Հիմնազուրկ են պաշտպանի զեկույցի 3-րդ բաժնում արտահայտված գնահատականներն անազատության մեջ պահվող անձանց բուժօգնության և պաշտպանի դիմումների առնչությամբ քրեակատարողական վարչության պարզաբանումների առնչությամբ : Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժօգնությանը վերաբերող Պաշտպանի բոլոր գրություններին Քրեակատարողական վարչության կողմից, որպես կանոն, սահմանված կարգով տրվել են պատշաճ և սպառիչ պարզաբանումներ` նշելով ախտորոշումը, ցուցաբերված բուժօգնության ծավալը, հիվանդի ներկա վիճակը, հրավիրված մասնագետի կողմից խորհրդատվության տրամադրումը, գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները, քաղաքացիական բուժհաստատությունում հետազոտվելու կամ բուժման ուղեգրվելու անհրաժեշտությունը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: «Բժշկական անձնակազմի դինամիկ հսկության տակ» արտահայտության վերաբերյալ հնչեցված դժգոհության կապակցությամբ հայտնում ենք, որ այն բժշկական եզրույթ է և ենթադրում է օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի նկատմամբ երկարատև հսկողություն, որի միջոցով հնարավոր է գնահատել օրգան-համակարգերի գործունեությունը: Հիմնավոր չէ նաև անձանց` իրենց նախընտրած բժշկի ծառայություններից օգտվելու իրավունքի իրականացումը չապահովելու վերաբերյալ պնդումը, առավել ևս, որ ոչ մի կոնկրետ օրինակ վկայակոչված չէ: Ավելին, Պաշտպանի դիմումով իրականացված մի շարք ուսումնասիրություններով պարզվել է, որ պատշաճ բուժօգնություն չապահովելու վերաբերյալ դիմումներում նշված տեղեկությունները, որպես կանոն, իրականությանը չեն համապատասխանել: Այսպես, կալանավորված անձ Գ.Ս.-ն ցանկություն է հայտնել հետազոտվել քաղաքացիական բուժհաստատությունում, այն դեպքում, երբ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առկա են եղել նրա հետազոտություններն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները: Ուստի վերջինիս պահանջը հիմնավոր կերպով մերժվել է, և  քրեակատարողական վարչության կողմից կալանավորված անձի նախընտրած բժշկի մուտքը քրեակատարողական հիմնարկ ապահովելու  պատրաստակամություն է հայտնվել: Կարծում ենք, որ այս պարագայում անազատության մեջ պահվող անձի` իր նախընտրած բժշկի կողմից զննվելու իրավունքի խախտման մասին խոսելը տեղին չէ: 3.    Ազատությունից զրկված անձանց պատշաճ բժշկական օգնության ապահովման և ՀՀ առողջապահության նախարարության բժշկական հիմնարկներ տեղափոխելու վերաբերյալ զեկույցի 4-րդ բաժնում շարադրված դիտարկումների առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ անազատության մեջ պահվող անձանց անվճար բուժօգնության ապահովման ֆինանսավորման հետ կապված առանձին օբյեկտիվ գործոններով պայմանավորված խնդիրներով հանդերձ` 2013 թվականից ի վեր առողջապահության մարմինների բուժհաստատություններ ուղեգրված անձանց թիվը շարունակաբար աճել է` 2013թ.- 422, 2014թ.- 708, 2015թ. – 778, 2016թ.- 1232, ինչը վկայում է անազատության մեջ պահվող անձանց բուժօգնությունը նրանց առողջության պահպանման իրավունքի գերակայությանը համահունչ կազմակերպելու` ոլորտում ակնհայտ առաջընթացի մասին: Այս հանգամանքը, սակայն, վրիպել է Պաշտպանի ուշադրությունից և չի արտացոլվել զեկույցում: Կարևոր է նաև այն հանգամանքը,որ ֆինանսավորման հետ կապված յուրաքանչյուր կոնկրետ դեպքում խնդիրը Քրեակատարողական վարչության կողմից բարձրացվել է իրավասու մարմինների առջև, և ձեռնարկվել են իրավիճակից բխող բոլոր հնարավոր միջոցները: Որպես կանոն` քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և խնամքի ծավալների ոչ բավարար լինելու դեպքում կալանավորված անձը կամ դատապարտյալը սահմանված կարգով փոխադրվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կամ քաղաքացիական առողջապահական հիմնարկներ, հետևաբար, զեկույցում նկարագրված դեպքերում անազատության մեջ պահվող անձանց անվճար բուժօգնության իրավունքի առանձին խախտումները պայմանավորված են համակարգային բնույթի խնդիրներով: Ինչ վերաբերում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններին, ապա գործող իրավակարգավորումները (ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրաման) անազատության մեջ պահվող անձանց վերաբերյալ արտոնություններ չեն նախատեսում: Ավելին, զեկույցում վկայակոչված ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումը (Կապրիկովսկին ընդդեմ Լեհաստանի) նույնպես փաստել է, որ Կոնվենցիան չի երաշխավորում անձի` այնպիսի բժշկական օգնություն ստանալու իրավունքը, որը կգերազանցի ընդհանուր առմամբ հասարակությանը հասանելի առողջապահության մակարդակը: Տվյալ դեպքում  նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայությունների գծով ՀՀ օրենսդրությունը բնակչության ոչ մի խմբի համար արտոնություն չի նախատեսում, հետևաբար անազատության մեջ պահվող անձանց համար նման արտոնություն պահանջելը զուրկ է որևէ իրավական հիմքից և անգամ հակասում է սոցիալական արդարության սկզբունքին: Ընդ որում, ՀՀ առողջապահության նախարարի 20.04.2014թվականի «Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 2013թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» թիվ 18-Ն հրամանով ուժը կորցրած է ճանաչվել սրտի վիրահատական ծառայությունների պետության մասնակցության մասով փոխհատուցման վերաբերյալ դրույթը: 4. Քրեակատարողական հիմնարկների բժշկական անձնակազմի   համալրվածության վերաբերյալ զեկույցում հնչեցված նկատառումների կապակցությամբ (5-րդ բաժին) հարկ ենք համարում նշել, որ իրոք,  կադրային հագեցվածության խնդիրները և, մասնավորապես,  քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման ստորաբաժանումների`  ընդհանուր մասնագիտացման բժիշկների հաստիքներով համալրված չլինելու հիմնահարցը էապես խոչընդոտում է կալանավորված անձանց և դատապարտյալների առողջության պահպանման և բժշկական օգնություն ստանալու` ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված  իրավունքների իրացումը  միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին համահունչ իրականացնելու գործընթացին: Այսուհանդերձ, բժշկական ստորաբաժանումների համալրման ուղղությամբ Քրեակատարողական վարչության կողմից արդեն իսկ ձեռնարկվել են մի շարք միջոցներ: Մասնավորապես, մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Քրեակատարողական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բժշկական ծառայությունում քրեակատարողական ծառայողի  պաշտոնում   ծառայության ընդունելու տարիքը 30-ից դարձնել 45, իսկ ավագ բուժաշխատողների համար, անկախ զբաղեցրած պաշտոնից, ծառայության սահմանային դարիքը դարձնել 65 տարեկանը, ինչպես նաև ծառայության ընդունման` վերը նշված տարիքային  օրենսդրական սահմանափակումները շրջանցելու նպատակով  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով բժշկական ծառայության մի շարք հաստիքներ վերահայտարարվել են քաղաքացիական հատուկ ծառայության հաստիքների: Բժշկական ստորաբաժանումների թափուր հաստիքների համալրման ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության, մարզպետարանների, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի և այլ մասնագիտացված բարձրագույն ուսումնական հաստատությունների  հետ: Հայտարարություններ են տեղադրվում Քրեակատարողական վարչության պաշտոնական կայքէջում: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկներին ընձեռված է հնարավորություն, ըստ անհրաժեշտության, պայմանագրային հիմնունքներով օգտագործել վարձու բժիշկ-մասնագետների կարողությունները: Խնդրի լուծմանն էապես խոչընդոտում է քրեակատարողական ծառայության բուժաշխատողի աշխատանքի ցածր գրավչությունը` պայմանավորված անբավարար աշխատավարձով և աշխատանքի ու սպասարկվող անձանց առանձնահատկություններով : Հոգեբուժական ծառայությունների հասանելիության առումով հարկ է նշել, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյաների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում առկա է հոգեբուժական բաժանմունք, իսկ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կա հոգեբույժի հաստիք, որոնք համալրված են: 10.05.2017թ. Քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ստեղծվել է հոգեբույժի հաստիք, որի համալրումն ընթացքի մեջ է: Մնացած քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում հոգեկան առողջության հետ կապված հարցերի լուծման համար վերոգրյալ 2 քրեակատարողական հիմնարկներից գործուղվում են հոգեբույժներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգտվում ենք ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան բնույթի հիմնարկների հոգեբույժների ծառայություններից: Հարկ է նշել, որ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետը հոգեբույժ է, իսկ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հոգեբուժական ծառայությունները մատուցվում են պայմանագրային հիմունքներով աշխատող բժշկի կողմից: Տարակուսանքի տեղիք է տալիս զեկույցում տեղ գտած պնդումը <<Վարդաշեն>> քրեակատարողական հիմնարկում ատամնաբուժական ծառայության վիճակի վերաբերյալ: Նշված քրեակատարողական հիմնարկում գործում է սարքավորված ատամնաբուժական կաբինետ, իսկ ատամնաբուժական ծառայությունները մատուցվում են պայմանագրային հիմունքներով աշխատող ատամնաբույժի կողմից: Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը ՀՀ ԱՆ «Դատապարտյաների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ֆիզիոթերապևտիկ ծառայություններ չմատուցվելու վերաբերյալ (39-րդ էջ 2–րդ պարբերություն), քանի որ   նշված հիմնարկում գործում է ֆիզիոթերապևտիկ բաժանմունք: Բժշկական անձնակազմի ինստիտուցիոնալ անկախության առնչությամբ զեկույցում արտահայտված նկատառումների կապակցությամբ. Դեռևս 2017թ. հունվարի 27-ին ՀՀ կառավարության նիստում թիվ 2 արձանագրային որոշմամբ հաստատվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը, որով, ի թիվս այլ տարբերակների, որպես քրեակատարողական առողջապահական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխման հնարավոր տարբերակ` նախատեսված է նաև բժշկական ծառայությունը Քրեակատարողական ծառայության ենթակայությունից ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը հանձնելը, իսկ որպես հեռանկարային լուծում` այն հանրային առողջապահական համակարգին ինտեգրելը: Ինչ վերաբերում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարեղական հիմնարկի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի բացակայության վերաբերյալ զեկույցում տեղ գտած պնդմանը, ապա նման իրավական փաստաթուղթը ՀՀ արդարադատության նախարարի 05.11.2001թ. թիվ 1304 հրամանով հաստատված կանոնադրությունն է:   5. Դեղորայքային ապահովվածության կապակցությամբ հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարվա համար քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումներն անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների համար Քրեակատարողական վարչություն են ներկայացնում հայտ, որի հիման վրա մրցութային կարգով դրանք ձեռք են բերվում պետբյուջեով նախատեսված ֆիքսված գումարի սահմաններում: Համաձայն ՀՀ «Գնումների մասին» օրենքի` պետբյուջեով կարող են ձեռք բերվել միայն այն դեղերը, որոնք ներառված են ՀՀ-ում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստր),  հիմնական դեղերի ցանկում և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատված գնումների միասնական անվանացանկում:  Վերոգրյալով պայմանավորված` բացառված չեն դեպքերը, երբ անհրաժեշտ դեղորայքի մի մասը հնարավոր չի եղել ձեռք բերել սահմանված ընթացակարգով: Այս դեպքում անազատության մեջ պահվող անձի առողջության համար վտանգավոր հետևանքների կանխման նպատակով և մարդասիրական նկատառումներից ելնելով` մերձավորներին հնարավորություն է ընձեռված անհրաժեշտ դեղորայքը փոխանցել Քրեակատարողական  վարչության պետի 2015թ. փետրվարի 3-ին տրված հանձնարարականով սահմանված կարգով`  միայն բուժող բժշկի նշանակման պայմանով, Քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի հետ խորհրդակցելուց հետո և այն համապատասխան մատյանում գրանցելով: 6. Քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովվածության առումով. Քրեակատարողական ծառայությունն ընդհանուր առմամբ համակարծիք է քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովվածության վերաբերյալ զեկույցում արտահայտված գնահատականների հետ, և այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ: Այսպես, Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում փորձագետների կողմից կատարվել է կարիքների գնահատում, և նախատեսվում է 11 քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումների համար ձեռք բերել շուրջ 200.000 եվրոյի առաջնային բուժօգնության տրամադրման համար անհրաժեշտ արդիական սարքավորումներ և պարագաներ: Եվրոպայի խորհրդի կողմից գնումների գործընթացն ավարտելուց հետո սարքավորումները կառաքվեն քրեակատարողական հիմնարկներ: 7. Բժշկական էթիկայի, գաղտնիքի պահպանման և բժշկական փաստաթղթավորման վերաբերյալ Պաշտպանի զեկույցում նկարագրված օրինակների և գնահատականների կապակցությամբ պետք է նշել, որ քրեակատարողական հիմնարկներում բժշկական փաստաթղթերի վարումը և շրջանանառությունն իրականացվում է ՀՀ կառավարության 26.05.2006 թվականի << Կալանավորված անձանց եվ դատապարտյալների բուժսանիտարական եվ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եվ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու>> մասին թիվ 825-Ն պահանջներին համապատասխան, իսկ քրեակատարողական հիմնարկ ընդունվող կամ տարանցմամբ փոխադրվող անձանց բուժզննության և այդ զննության արձանագրման հարցերը մշտապես գտնվել են Քրեակատարողական վարչության ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, Քրեակատարողական վարչության պետի 09.09.2014թ. թիվ 40/7-2688 հանձնարարականով բուժանձնակազմի ուշադրությունը հրավիրվել է պատշաճ բժշկական փաստաթղթավորման անհրաժեշտության վրա, իսկ 01.08.2016թ. թիվ 40/7.1-2989 հանձնարարականով քրեակատարողական հիմնարկների պետերին հանձնարարվել է անձնական պատասխանատվությամբ ապահովել քրեակատարողական հիմնարկներ ընդունված կամ տարանցմամբ փոխադրված անձանց նախնական բուժզննությունների պատշաճ կարգով իրականացումը, ինչպես նաև զննության արձանագրությունների ամբողջական կազմումը:             Ինչ վերաբերվում է բժշկական գաղտնիքի և բժշկական փաստաթղթերի վարման` զեկույցում թվարկված խախտումներին, ապա այդ, ինչպես նաև զեկույցում վկայակոչված այլ խախտումների վերաբերյալ Պաշտպանի կողմից համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու դեպքում դրանք պատշաճ կերպով կուսումնասիրվեն: 8. Խոշտանգումների, դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման նպատակով ներկայումս Եվրոպայի Միության և Եվրոպայի Խորհրդի կողմից ֆինանսավորվող «Առողջապահության և մարդու իրավունքի պաշտպանության ամրապնդումը ՀՀ բանտերում» ծրագրի տեղային և միջազգային փորձագետների հետ համատեղ ՀՀ ԱՆ Քրեակատարողական  վարչության բժշկական սպասարկման բաժնի աշխատակիցների կողմից մշակվում է օրենսդրական բարեփոխումների փաթեթ, որտեղ ընդգրկված կլինեն կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական սպասարկման վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում` նրանց արտաքին բժշկական զննության արդյունքների արձանագրության (ըստ Ստամբուլյան արձանագրության) կարգը:       Զուգահեռ տարվում են նաև աշխատանքներ Քրեակատարողական  ծառայության բժշկական մատենավարությունը և հաշվետվությունները ՀՀ առողջապահության նախարարության համակարգում վարվող բժշկական փաստաթղթերին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ինչևէ, ևս մեկ անգամ վերահաստատում ենք ենք բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցության մեր անփոփոխ դիրքորոշումը և հույս հայտնում, որ համատեղ քննարկումների ու իրատեսական առաջարկությունների արդյունքում նաև կունենանք շոշափելի արդյունքներ քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի պատշաճ իրացման գործում:   ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ