Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուդուկահար և դհոլահար քույրերը հանդես են եկել ծննդավայրում

Հասարակություն
duduk

Դուդուկահար և դհոլահար քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները մայիսի 29-ին առաջին անգամ մենահամերգով հանդես են եկել իրենց հայրենի Վանաձոր քաղաքում: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում անցկացված համերգին ներկայացվել է բոլորովին նոր ծրագիր: Երեկոյի ընթացքում քույրերի հետ ելույթ են ունեցել պրոֆեսիոնալ երաժիշտներ Արեգ Առուստամյանը (դաշնամուր), Գուրգեն Ամիրյանը (բաս կիթառ), Ալեքսանդր Գրիգորյանը (հարվածային գործիքներ): «Մենք ծնունդով Վանաձորից ենք, որոշել էինք, որ մեր առաջին մենահամերգը պետք է անպայման այնտեղ լինի: Շատ բուռն էր ընդունելությունը, հանդիսատեսը հիմնականում Վանաձորից էր, չնայած Երևանից էլ հյուրեր ենք ունեցել: Ազատ տեղեր ընդհանրապես չեն եղել: Մեզ շատ լավ ընդունեցին, շատ տպավորված էինք»,-նշում է Անահիտ Մխիթարյանը:   Նշենք, որ քույրերը ծրագրում ներկայացվել են ջազային մշակումներ, ազգային, աշուղական ստեղծագործություններ: Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվել է նաև «Մաճկալ» ստեղծագործությունը, որը քույրերը նվիրել են իրենց հայրիկի հիշատակին: Հնչել են նաև վոկալ համարներ: Համերգային երեկոյի հյուրերի թվում էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի ևսպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, այլ պաշտոնատար անձինք, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև քույրերի ուսուցիչները: Մինչ այս մենահամերգը քույրերը հասցրել են հանդես գալ տարբեր բեմահարթակներում, այդ թվում` Մոսկվայում: Փաստում են` նմանատիպ երաժշտության նկատմամբ հանդիսատեսի մոտ առկա է հետաքրքրություն և այն իսկապես պահանջված է: Առաջիկայում Աննա և Անահիտ Մխիթարյանները համերգներով հանդես են գալու մարզերում, Երևանում և արտերկրում: Երևանյան ելույթը նախատեսված հունիսի վերջից հուլիսի սկիզբն ընկած ժամանակատվածում: