Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպայկա»-ն պատրաստ է գնել գյուղացու վարունգը, եթե որակով լինի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
boxok

Պետական տեռոր. Այսպես են որակում իրավիճակը Արմավիրի մարզի համայնքները։ Այսօր նրանք փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը՝ բողոքելով վարունգի իրացման ցածր գնից։ Գյուղացիները մեքենաները բարձած՝ հետ են եկել Մեյմանդար կոչվող շուկայից, որտեղ սովորաբար իրականացնում են մեծածախ առևտուր։ «Շուկայում լճացում են ստեղծում, գյուղացին չի կարողանում իր ապրանքը վաճառել։ Ինձ վրա նստում է 200 դրամ, 40 դրամով էլ չեմ կարողանում հանձնեմ։ Այսօր ուր գնում ես՝ թաղում, հարսանիք, գյուղացին միայն վարկից է խոսում»,- ասում են փողոցում հավաքված տղամարդիկ։ Ավելի ուշ մարզպետարանի ներկայացուցիչը վերլուծում է իրավիճակը. վարունգը լճացել է շուկայում, ողջ համայնքը վարունգ է մշակել, ո՞վ է մեղավոր։ «Մեյմանդարի շուկայում ավելի շատ ապրանք չէ, քան անցյալ տարի, բայց սուպերմարկետները վաճառում են օլիգարխի ապրանքը, դա է պատճառը որ մեր ապրանքը չի վաճառվում»,- նրան բացատրում է գյուղացին։ Սպայկա ընկերությունը մարզում հարյուրավոր հեկտարներով վարունգ է աճեցրել ու ծածկել շուկայի պահանջարկը։ Հենց այս կազմակերպության դեմ է գյուղացու հիմնական բողոքը։ «Ա1+»-ի հետ զրույցում «Սպայկա» ընկերության նախագծերի ղեկավարման բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը նշեց, որ այս ամենը հերյուրանք է. «Մենք ունենք մեր ջերմոցները, օրական արտադրում են 100 տոննա  վարունգ, բայց այդ ամբողջը մենք արտահանում ենք, տեղական շուկայում մենք  սպառում ենք ամենաշատը 1 տոննա, դա չի կարող իրենց շուկան փակել: Գեղեցիկ չէ, որ իրենք այսպիսի անհիմն մեղադրանքներ են ներկայացնում»: Ինչ վերաբերում է գյուղացիների բողոքին, որ իրենց վրա արտադրանքի մեկ կիլոգրամը նստում է 200դրամ, սակայն նրանք չենք կարողանում իրացնել այն անգամ 40 դրամով, Կարեն Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք պատրաստ ենք մթերել անսահմանափակ քանակությամբ ապրանք, ես սա ամենայն լրջությամբ եմ ասում, թող բերեն, անգամ օրական 100 տոննա կառնենք, բայց այնտեղից մեզ չեն էլ դիմել, չեն առաջարկել իրենց ապրանքը, ինչո՞ւ են մեր անվան հետ խաղում»: Կարեն Բաղդասարյանը ասում է, որ այստեղ նաեւ որակի խնդիր կա, երբեմն գյուղացիները առաջարկում են չափից դուրս անորակ ապրանք, բայց բարձր գնով. «Այն որակի ապրանքին, որը ենթակա է արտահանման, մենք պատրաստ ենք վճարել ամենաբարձր գինը, բայց պետք է որակ լինի: Էնքան սիլիտրա են տալիս վարունգին, որ արտահանման ժամանակ, ճանապարհի կեսին փչանում ա, մենք ո՞նց մթերենք այդ ապրանքը»: