Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ելքը պատրաստ է համագործակցել Պաշտպանության հանձնաժողովի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
PIoQzsgw_lc

6-րդ գումարման ԱԺ-ում այսօր Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտանում ՀՀԿ կողմից առաջադրված Կորյուն Նահապետյանին հարց ուղղելիս Ելք դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը խոսեց զոհված ժամկետային զինծառայող Արտակ Ռաֆայելյանի մասին. «Նա ՀՀ դյուցազնագրքում է գրանցված: Ճիշտ չի լինի, որ նման շնորհալիները ծառայեն համապատասխան զորամասերում»: Կորյուն Նահապետյանն ասաց, որ այդ հարցը հնարավոր է քննարկել. «Ուղղակի ծառայության անցկացման վայրը որոշվում է կոնկրետ ընթացակարգերով: Դա ՊՆ իրավասությունների ներքո, իսկ մենք ընդամենը կարող ենք մեր բարի խոսքն ասել ու ցանկություն հայտնել: Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների սոցիալական ապահովությանը, կարող եմ ասել, որ մենք լուրջ փոփոխություններ ենք իրականացրել, հատկապես դա վերաբերում է բնակարաններով ապահովելու խնդրին»: Սասուն Միքայելյանը նկատեց, որ իր հարցը չէր վերաբերում սոցիալական հարցերին կամ բնակարաններին. «Բանն այն է, որ Արտակ Ռաֆայելյանը պետք է ծառայել սպորտային զորամասում, ու նա զոհվել է այս տարի Մարտունու շրջանում՝ առաջնագծում: Ես տարբերություն չեմ դնում ձեր ծառայողների մեջ, սակայն նման հազվագյուտ շնորհալի երեխաները ծառայեն կամ համապատասխան զորամասերում կամ վերցվեն պետության հովանու ներքո»:  Կորյուն Նահապետյանը ներողություն խնդրեց, որ սխալ է ընկալել հարցը, ապա՝ ավելացրեց. «Կոնկրետ ունակություններով զինծառայողների ծառայության վայրի ընտրության, այո դա պետք է քննարկվի ու ճիշտ ընտրություն կատարվի: Սակայն չպետք է գերագնահատվի ու ստացվի այնպես, որ մեր երիտասարդներին, տալով նման հնարավորություն, զրկենք զինվորական ծառայությունը պատշաճ իրականացնելուց»: Ելք դաշինքի մեկ այլ պատգամավոր Արամ Սարգսյանը նախ նշեց, որ այստեղ են ոչ թե հակադրվելու, այլ աշխատելու համար. «Ինձ համար ողջունելի է, պարոն Նահապետյան, որ դուք ձեր ելույթում անդրադարձաք այլընտրանքային անվտանգության համակարգերի հետ համագործակցությանը, մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ: Ես իմ պատրաստակամություն եմ հայտնում այդ շրջանակներում համագործակցել ձեր հանձնաժողովի հետ: Արդյոք ձեր հանձնաժողովների աշխատանքներին հրավիրվե՞լ են համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ: Դուք խոսեցիք ձեռքբերումների մասին, ուզում եմ իմանալ՝ արդյոք մինչեւ ապրիլյան դեպքերը ներկայացրե՞լ եք զեկույցներ դիրքերի ինժեներական կառուցվածքի կամ դրանց դիտարկման արդի, ժամանակակից սարքավորումներ ունենալու մասին»: Ի պատասխան Կորյուն Նահապետյանն ասաց, որ հանձնաժողովի հնգամյա հաշվետվության մեջ մեր ձեռքբերումները մանրամասն շարադրված են. «Ինչ վերաբերում է  դիրքերի պաշտպանողականությանը, ապա ձեր խմբակցությունում կան մարդիկ, որոնք մեզ հետ միասին այցելել են դիրքեր ու տեղում դիտարկումներ անել»: