Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչն է գործարարին ստիպում հարկերից խուսափել և ինչ պիտի անի կառավարությունը (տեսանյութ)

Տնտեսություն
tntesakan

Հայաստանի տնտեսության առնվազն 1/3-ը ստվերային է՝ հարկ չի վճարում։ Հարկերի իրական ծավալը թաքցելու հիմնական պատճառը աղքատության բարձր մակարդակն է։ Տնտեսագետների գնահատմամբ՝ հատկապես փոքր բիզնեսներն են շահագրգիռ քիչ հարկ վճարելու, ինչն օբյեկտիվ է։   «Եթե մենք ստիպենք, որ իրենք հարկերը վճարեն, իրենք կփակվեն և ուղղակի սոցիալական խնդիրները կաճեն Հայաստանում»,- ասում է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։ Հարկերի չափերը սահմանելիս Կառավարությունը պետք է փոքր բիզնեսին այլ աչքով նայի։ Անհրաժեշտ է հաշվի առնել՝ եթե գործարարին ձեռնտու է հարկային տեսուչին կաշառք տալ, քան հարկ վճարել, նա կընտրի առաջին տարբերակը։  «Հարկային դրույքաչափերը պետք է այնպիսին լինեն, որ գործարարի համար դա ավելորդ բեռ չդառնա։ Ու ինքը կարողանա թե ներսի, թե դրսի շուկայում մրցունակ լինել»,- ասում է տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը։ Ում գրպաններն են գնում վճարված հարկերը և ինչպես են դրանք ծախսվում։ Գործարարների մոտ եղած անվստահությունը ևս եկամուտների իրական ծավալը թաքցնելու պատճառ է։ Բաբկեն Թունյանը նշում է.  «Մենք (գործարարները) չենք ուզում հարկեր մուծել, քանի որ բյուջեի մի մասը պարզապես գրպանվում է։ Երբ այս վստահությունը վերականգնվի, հարկեր հավաքելը հեշտ կդառնա»։ Վստահություն ձեռք բերելու խնդիր Կառավարությունն ունի նաև այստեղ ներդրումներ անել ցանկացողների առաջ։ Մրցակցային ու առողջ միջավայրի ակնկալիքի մասին օրերս խոսեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Էներգետիկ համաժողովում նա հայտարարեց՝ Հայաստանի էներգետիկ ոլորտն ունի 8 միլիարդ դոլարի ներդրման պոտենցիալ։ Բայց ամերիկյան ընկերություններն այստեղ կգան երաշխիքներ ունենալու և ներդրողների համար հավասար մրցակցություն ապահովելու պարագայում։  «Էդ ներդրումային միջավայրը կա՞, թե՞ չկա, հենց դեսպանի ձևակերպումից՝ եթե լինի... նշանակում է, որ այդ միջավայրը չկա»,- կարծում է Բաբկեն Թունյանը։ Ներդրումներ այստեղ կհոսեն օրենքի գերակայության, և ոչ թե բացառապես երկրի նախագահի կամ վարչապետի մակարդակով տրվող երաշխիքների պարագայում։  «Դա ամենավատ ճանապարհն է ներդրումներ ներգրավելու ու դա կոնկրետ հակագովազդ է։ Նորմալ ներդրողը պետք է պաշտպանված լինի ոչ թե ինչ որ անձի հանգամանքով, այլ օրենքով։ Որովհետև այդ անձը կարող է փոխվել, նրա նախասիրությունները կարող են փոխվել»,- ասում է տնտեսական մեկնաբանը։ Կառավարության խոստումների ֆոնին, թե Հայաստանը ներդրողների համար դառնալու է հարմար երկիրը, տնտեսագետները հիշեցնում են՝ վերջին երկու տարում Հայաստանից հեռացել են այնպիսի մեծ ընկերություններ, ինչպիսիք են Օրանժը և Պրոկրեդիտ բանկը։