Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Ֆրունզիկը չէր սիրում կենգուրուներին (տեսանյութ)

Մշակույթ
0f1e829bc185527a3440c2b04f9c45a1

Իր տեղն այդպես էլ չգտած հայտնի «կամոդը»՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, «01.99»-ի տակառիկը, «Նվագախմբի տղաները» ֆիլմի Դմբուզ Արսենի անբաժան տրամբոնը, բեմական հագուստներ ու անձնական իրեր, պարգևներ, նվերներ, լուսանկարներ, գրքեր ու նամակներ։ Այցելուների պակաս Գյումրու Վարպետաց և Ռուսթավելու փողոցների հատման կետում գտնվող այս հուշատուն-թանգարանը չունի: «Մհեր Մկրտչյանին ճանաչում ու սիրում են բոլոր հայերը, և ոչ միայն հայերը, ու նման թանգարանի ամեն դերասան չի արժանանում», - հպարտությամբ ասում են աշխատակիցները: Գալիս են դպրոցականներ, ուսանողներ, Արտիստի մեծաթիվ երկրպագուները, նաև զբոսաշրջիկներ, «հատկապես ռուսներն են շատ գալիս թանգարան», - ասում է թանգարանի էքսկուրսավարը: «Ռուսները Ֆրունզիկ Մկրտչյանին ծանոթ են «Կովկասի գերուհին», «Միմինո» ֆիլմերից: Շատերն անգամ սիրում են մեջբերումներ անել նրա հերոսների ռեպլիկներից: Հուշատուն-թանգարանում կարելի է ոչ միայն տեսնել այս իրերը, այլ նաև լսել հետաքրքիր պատմություններ, որ սիրում են այստեղ ջերմությամբ պատմել: Օրինակ, որ Ֆրունզիկը անսահման սիրել է փղերին ու ասում էր, որ «Յուրաքանչյուր ընտանիք պիտի յոթ փղիկ ունենա, փղիկները ընտանեկան երջանկության պահապանն են...»: Չսիրած կենդանին էլ կենգուրուն է եղել: Երբ հարցրել են, թե ինչու չի սիրում, պատասխանել է. «Նա սեփական կաշին փրկելու համար նախ պետք է հրաժարվի սեփական ձագից, ադոր համար էլ չեմ սիրում»:  Թանգարանի առաջին հարկում գործում է կինոդիտումների սրահ, որտեղ ցուցադրվում են դերասանի մասին և նրա մասնակցությամբ ֆիլմեր: Թանգարանի հիմնական հավաքածուն՝ 1500 ցուցանմուշ, 10 տարի առաջ շուրջ  նվիրեց Մհեր Մկրտչյանի թոռնուհին՝ Իռեն Տերտերյանը: Այսօր էլ թանգարանային ֆոնդը համալրվում է նոր մասունքներով: Սոս Սարգսյանը նրա մասին ասում էր՝ «…երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին: Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր»: