Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր զարգացումներ՝ Բուդաղյանների գործով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
alumyan

Հունիսի 1-ին կլրանա 4-րդ տարին այն ողբերգական օրից, երբ Սյունիքի նախկին մարզպետ  Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի կրակոցներից սպանվեց Ավետիք Բուդաղյանը եւ ծանր մարմնական վնասվածք ստացավ Արտակ Բուդաղյանը:  Այս տարիների ընթացքում Բուդաղյանները չեն դադարեցրել պայքարը: «Արդարությունը վերականգնելու համար նրանք շարունակելու են պայքարել,  որքան էլ դա երկարատեւ կամ դժվար լինի: Շուտ թե ուշ մեղավորները բացահայտվելու են, թող չհուսան, որ կարողանալու են այս պատմությունից մաքուր դուրս գալ»,-  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  փաստաբան  Հայկ Ալումյանը: Այս ընթացքում Սահմանադրական դատարանը գործին տվել է գնահատականներ, իսկ Վերաքննիչ դատարանը մասամբ  համաձայնել է իրենց  բողոքի փաստարկների հետ: «Սա նշանակում է, որ Բուդաղյանների գործով պետք է տեղի ունենա բաց, հրապարակային դատավարություն, որի ընթացքում կպարզվի, թե արդյո՞ք Ավետիք Բուդաղյանն է նախահարձակ եղել, իսկ Սուրիկ Խաչատրյանը եւ մերձավորները պաշտպանվել են, թե՞ հակառակը՝ նրանք են հարձակվողները եղել եւ մեղավորը այս ամբողջ դեպքերի»,- ասաց Հայկ Ալումյանը:  Հայկ Ալումյանը ներկայացնում է նաեւ զինված հանցախմբի գործով  կալանավորված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերը:  Իր պաշտպանյալի նկատմամբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար նա կարո՞ղ է մասնակցել դատական նիստերին, թե՞՝ ոչ: «Դատավարությանը մասնակցելու հարց մեր կողմից երբեք չի բարձրացվել: Մեր կողմից միշտ բարձրացվել է այն  հարցը, որ պարոն Շիրխանյանը չի կարողանում գալ հասնել դատարան: Դատարանում ինքը կարող է նստել եւ մասնակցել: Փոխարենը մի հատ սայլակ գտնեն եւ պարոն Շիրխանյանին բերեն դատարան»,- ասաց Հայկ Ալումյանը:  Նրա խոսքերով՝ փորձագիտական հանձնաժողովի անդամները այցելել եւ հետազոտել են Վահան Շիրխանյանին եւ նրա բժշկական փաստաղթերը:  Վահան Շիրխանյանին տեղափոխել են նաեւ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ ապարատային հետազոտություններ անցկացնելու համար: Այսօր սպասում են հանձնաժողովի նիստի օրվան, որի ընթացքում էլ հանդես կգան եզրակացությամբ: