Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնյակով արբած. Անձրեւն անգամ չի սթափեցնի (տեսանյութ)

Հասարակություն
konjak

   Մայիսի առաջին կիրակի առավոտյան    գիշերվա անձրեւից չչորացած հողի հոտին արդեն խառնված էր  կոնյակի բույրը։ Ոստիկանական սուլիչը պարբերաբար  փորձում է  կարգավորել Ծաղկաձորի համար անսովոր խցանումները։ Փակ փողոցին հասնող  մեքենաների ուղեւորների համար ոստիկանական մեքենան  ոչ թե սթափեցնող, այլ ուղեցույց նշանակություն էր ունենում։    ruletka   Ռուլետկայի յուրաքանչյուր պտույտին հաջորդում է ուրախության ճիչը, երբ մի կում կոնյակը այրում է կոկորդը։ Ճիչերն այնքան են ուժեղանում, որ հարեւան տաղավարներից, իրենց հաճախորդներին մոռացած, փորձում են պատճառը գուշակել, թեեւ այդ այնքան էլ բարդ չէր. Հայկական կոնյակի  փառատոնի հերթական այցելուի բախտը պարզապես բերել է, եւ անիվի պտույտով նրան ոչ թե թեյ կամ դատարկ բաժակ, այլ  կոնյակ է բաժին հասել։ aleqsandrԶբոսաշրջիկներից շատերն են ուզում լուսանկարվել Ստեփանակերտի կոնյակի գործարանի ներկայացուցիչների հետ։ Նրանք տարբերվում են իրենց հագուստով։ Գործարանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ալոջանցն ասում է, թե Կոնյակի փառատոնը լավ առիթ է սպառողին իրենց արտադրանքը ներկայացնելու համար, իսկ սպառողի համար էլ՝ հնարավորություն ավելի էժան  խմիչք գնելու։ Փառատոնին մասնակցող ընկերությունները ի սկզբանե կանխատեսել էին, որ այցելուները լինելու են գիտակներ եւ ծանոթ  հիմնական տեսականուն։ Բայց սպիտակը կոնյակը զարմացնում  է նույնիսկ ամենագիտակներին։   «ՎՍ և Անի Յարդ ՍԱ»   ընկերության  տնօրեն Արթուր Ներսիսյանն ասում է, որ  սպիտակ կոնյակի ստեղծման համար երեք տարի է պահանջվել։ Ի դեպ,   խնդիրների մասին կոնյակագործները չեն ուզում խոսել. արտահանման ծավալներից էլ  չեն դժգոհում, չնայած գաղտնիք չէ, որ «Կոնյակ» անունով արտադրանքը եվրոպական շուկայում վաճառելը խնդիր է, քանի որ ֆրանսիացիները ջանք չեն խնայում կոնյակը որպես սեփական ազգային բրենդ պաշտպանելու համար:  Արդյունքում՝  շատ հաճախ հայկական կոնյակը եվրոպական շուկայում վաճառվում «բրենդի» ապրանքանիշի տակ։  Ընկերոջ եւ կոնյակի նմանությունը papikԵրեւանցի 90-ամյա  Ցոլակ Հայրապետյանը շատ լավ է հասկանում կոնյակի արժեքը։ Վստահեցնում է՝ այն ոչ միայն քիմքին է հաճելի, այլեւ.  «Հայաստանը կոնյակով կարող է հաղթել ամբողջ աշխարհին»։ Նա այս դեպքում խորհուրդ է տալիս  վստահել իր կյանքի փորձին։ Արսեն Հախեյանը կիրակին վայելում է  ընկերների հետ՝  մի շիշ «Աղթամարի» շուրջը։  «Կոնյակն էլ հին  ընկերոջ պես է, դրա համար հինն է լավը»,- ասում է նա՝ չնայած չի կիսում տեսակետը, թե նախկինում  ավելի որակյալ էր. քանի որ  հիմա տեխնոլոգիաներն ավելի զարգացած են։  Նա կոնյակների հավաքածու ունի, որի առաջին  շիշը 1973թ-ի է  ձեռք բերել։  Այս հավաքածուում նույնիսկ 1990-ականներին արտադրված «Արցախ»  կոնյակ կա։ Ինչպե՞ս  է դիմանում  այդ շշերը չբացելու գայթակղությանը, ծիծաղում է. «Նույն տեսակից մի քանի օրինակ ունեմ։ Հենց չեմ դիմանում, բացում եմ»: Օքսանա Արեյանցը  հստակ գիտի, որ տաղավարին մոտենալ։ Նա  «Նոյ» կոնյակն է նախընտրում։ Եկատերինբուրգից ամուսնու հետ հատուկ այս փառատոնի համար է եկել։ Ասում է՝ համացանցում տեսել է գովազդն ու միանգամից որոշում կայացրել՝ մայիսյան տոներն անցկացնել Հայաստանում։ Թեեւ ազգանունը հայկական է, Օքսանան հայերեն չի խոսում։   Ի դեպ,  Ռուսաստանում ապրող կինը միայն  անցած աշնանն է իր համար հայտնաբերել  հայկական գինիները, չնայած  դրանք արդեն դարձել են իրենց տոնական սեղանի անբաժան մասը։  Օքսանա Արեյանցը   զարմանում է՝ ինչպես մինչեւ հիմա  Հայաստանը չի օգտագործել գինեգործության եւ կոնյակագործության  ներուժը՝   զբոսաշրջության զարգացման նպատակով։ armine Տուրիզմի զարգացման հայկական բարեգործական հիմնադրամի տնօրեն, փառատոնի կազմակերպիչ Արմինե Խաչատրյանին մի քանի րոպե անընդմեջ նույն տաղավարի մոտ չես տեսնի։  Ասում է՝  հատուկ  նպատակով են հենց մայիսին ու Ծաղկաձորում կազմակերպել կոնյակի փառատոնը։  Ծաղկաձորը պետք է  զբոսաշրջիկներին գրավիչ լինի ոչ միայն ձմռանը։ Իսկ մայիսյան տոները լավ առիթ են, որ  ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան այցելեն։  Թեեւ փառատոնի հիմնական թիրախը ռուսներն էին, սակայն քիչ չէին այլ երկրներից զբոսաշրջիկները։  Կազմակերպիչները գոհ էին զբոսաշրջիկների հոսքից, բայց ծաղկաձորցիները  պատրաստ են ավելի շատ հյուրերի ընդունել։  «Ինչքան շատ տուրիստ գա, այնքան ծաղկաձորցիներն էլ  կզարգանան ու կդառնան եվրոպացի, ու նրանցից էլ ավել»,- ասում է  Ծաղկաձորի բնակիչ Լադիկ   Թովմասյանը։ Փրկարարն  ու անձրեւը kamavor Օրվա կեսին Ծաղկաձորում որոտում են ամպերը.   հրապարակը մոտ կես ժամով դատարկվում է. այցելուները պատսպարվում են մոտակա  ռեստորաններում։  Անձրեւից թրջված ՝ փառատոնի  մոտ 30 կամավորներին  մոտակա հյուրանոցի իր  փոքրիկ սենյակում է տեղավորում, թեյ հյուրասիրում  Հովհաննես Պողոսյանը,որին վստահված է  տաղավարների պատրաստումը։  «Դե, ես մասնագիտությամբ փրկարար եմ»,-  իր հյուրընկալությունը բացատրում է նա։ Ի դեպ, հենց անձրեւի ժամանակ էլ պարզ  է դառնում, որ մոտակայքում գործող սննդի կետերը բավարար չեն՝  այդքան հյուրերի պատսպարելու համար։  Ոչ միայն տեղ չկար, այլեւ անձնակազմը փոքր էր՝  պատշաճ սպասարկելու համար։ Երեկոյան կրկին անձրեւ է, բայց    պատսպարվողներ չկան։ Թրջված ծաղկաձորցիներն ու հյուրերը  պարում են Իվետա Մուկուչյանի երգի տակ։