Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ով առաքելական չէ, նա հայ չէ». կրոնական անհանդուրժողականություն (տեսանյութ)

Քաղաքականություն
kronakan-nkar

«Ով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ չէ, նա հայ չէ», թևավոր խոսք դարձած այս միտքը բնորոշում է Հայաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը։ Ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի՝ նման լոզունգը տեղ չունի քաղաքակիրթ հասարակությունում. «Ես բերեմ հայ մեծ վիպասան Րաֆֆու խոսքերը, որ եթե մենք այդպես ենք մտածում, ուրեմն մենք ոչ թե ազգ ենք, այլ կրոնական աղանդ»։ Հայաստանում կրոնական անհանդուժողականություն դրսևորվում է հատկապես բանակում։ Միայն Եհովայի վկաներն են դեմ զենք բռնելուն, նրանց համար գործում է այլընտրանքային ծառայությունը։ Այլ կրոններ դավանողները հավասարը հավասարի նման, առաքելականների կողքին պաշտպանում են պետական սահմանը։ Բայց սա էլ խտրականությունը բանակում արմատախիլ չի անում. «Մարդիկ, ովքեր կրոնական չեն, նրանց ամեն անգամ դիրքեր գնալուց ստիպում են աղոթել, խաչակնքվել, էլ չեմ ասում, երբ նորակոչիկներին խմբերով տանում են կնքելու»,- ասում է իրավապաշտպանը։ Հայաստանում նույնականացման քարտերի ներդրումը 2014-ին հարուցեց այլադավանների վրդովմունքը։ Նրանք հրաժարվեցին նույնականացման քարտից՝ առկա չիպերի, պարտադիր մատնահետք հանձնելու պատճառով։ Մարդու իրավունքների պատշպանի գրասենյակի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը պատմում է, թե կրոնական փոքրամասնության ներկայացուցիչներն ինչ իրավիճակում էին հայտնվել. «Նույնականացման քարտ չունենալու արդյունքում մարդիկ չէին կարողանում թոշակ ստանալ, աշխատանքի ընդունվել, այլ իրավահարաբերության մեջ մտնել, որը ենթադրում է անձը հաստատող փաստաթուղթ ունենալ»։ ՄԻՊ Գրասենյակի միջոցով կրոնական ուղղության անդամները հասան մինչև Սահմանադրական դատարան։ Բարձրագույն ատյանը հարցին ժամանակավոր լուծում տվեց։ «Այդ միջանկյալ լուծումն էր՝ թույլատրել հին տիպի անձնագրերի տրամադրումը մինչև 2019 թվականը»,- ասում է Լուսինե Սարգսյանը։ Այս տարի Ռուսաստանն արգելեց Եհովայի վկաներ կազմակերպության գործունեությունը՝ այն համարելով ծայրահեղական։ Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այստեղ նման զարգացման հիմք չի տեսնում։ «Այդտեղ կամայական մոտեցումներ պետք է չլինեն, և համապատասխան օրենսդրական կարգավորումները պիտի տան բոլոր նման հարցերի պատասխանները»։ Եհովայի վկաները հետապնդվում են նաև հարևան Վրաստանում։ Կրոնի համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրները Հայաստանում և Վրաստանում կրոնական համաժողովին ներկա է Վրաստանի ՄԻՊ ներկայացուցիչը Մարիամ Գատվաձեն։ Նա փաստերով է խոսում։  «Եհովայի վկաները Վրաստանում դառնում են մարդու իրավունքների խախտման զոհեր, տարեկան մինչև 50 դեպք է արձանագրվում, ինչը մեծ թիվ է»։ Վրաստանի մահմեդականները ևս թիրախավորվում են։ Մի դեպքում մինարեթն առանձնացվել է մզկիթից, մեկ այլ պարագայում՝ ոստիկանները 14 մահմեդականի է ձերբակալել։ Օմբուդսմենի ներկայացուցչի պնդմամբ՝ Վրաստանի իշխանությունը խախտում է նաև Հայ Առաքելական եղկեղեցու իրավունքները. «Հայ Առաքելական եկեղեցին Վրաստանում ունի եկեղեցիներ, որոնք կարող է միայն օգտագործել, բայց չունի դրանց սեփականության իրավունքը։ Սա վիճարկվում է Սահմանադրական դատարանում և հույս ունենք շտկել իրավիճակը»։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ կրոնական անհանդուրժողականությունը կարող է հետ քաշվել, եթե պետությունն ընդունի խտրականությունն արգելող օրենք։ Նման մի փաստաթուղթ Հայաստանի խորհրդարանում հայտնվել է, սակայն ընդունումը  մինչ օրս ձգձգվում է։