Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԱՀԿ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի, քան ՀՀ-ի համար» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
svitalski1

ԵՄ-ն բավարարված է ՀՀ իշխանություններից՝ ԱԺ ընտրություններին իրենց գումարների արդյունավետ ծախսման համար: ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նաեւ ավելացրեց, որ ընտրատեղամասերում տեսախցիկները և նույնականացման սարքերը շատ լավ աշխատել են, եւ իրենց ակնկալիքներից ավելին է եղել արդյունքը. «Ժամանակը կարճ է եղել՝ այդ տեխնիկական սարքերը կիրառելու համար, սակայն չնայած դրան, տեխնոլոգիան ավելի լավ է աշխատել, քան այլ երկրներում: Բնականաբար, եղել են որոշակի խնդիրներ, տրյուկներ, որոնք կապված են եղել ուղիղ հեռարձակման ընդհատման հետ, մատնահետքը ընթերցող սարքերի հետ, բայց մենք հիմա վերլուծում ենք բոլոր ստացված զեկույցները և գիտենք, որ դրանք իրենց արդարացրել են, մենք չափազանց բավարարված ենք, որ մեր գումարը լավ ծախսվել է»: Ըստ նրա՝ այս հարց է ՀՀ-ում քաղաքական համակարգը Հայաստանում, թե ընտրողները որքանով են լուրջ վերաբերվում քաղաքական ուժերին. «Հիմա հայերը գիտեն, որ այս տեխնոլոգիայով կարող են բավարար երաշխիքներ ունենալ, որ իրենց ձայնը չի գողացվում, եթե իրենք գնան, ընտրեն կուսակցություն կամ անձ, իրենց ձայնը տեղ կհասնի, բայց կա նաև լուրջ անվստահություն, ես դա զգացել եմ հասարակ քաղաքացիների հետ զրույցներում՝ մինչև ընտրությունները: Կան ընտրական գործընթացի որոշ խնդիրներ, որոնք պիտի լուծվեն առաջիկայում: Մենք պատրաստ ենք աշխատել ՀՀ կառավարության հետ այն խնդիրների ուղղությամբ, որոնք բացահայտվեցին ԱԺ ընտրությունների ժամանակ: Մենք էլ պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը»: Դեսպանն այնուհետեւ անդրադարձավ վերջերս տեղի ունեցած աղմկահարույց միջադեպին, երբ  ՀՀ-ում ԵՄ դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանին առաջադրվել էր մեղադրանք՝ ծրագրերի համար հատկացվող գումարի հափշտակության համար: Ըստ մամուլի հրապարակումների՝ Մարինե Պապյանի բանկային պահոցից հայտնաբերվել է ահռելի քանակի փող և ոսկեղեն: Պյոտր Սվիտալսկին նկատեց. «Այս գործով զբաղվում է OLAF-ը (Խարդախությունների դեմ պայքարի եվրոպական բյուրո), այն ուղարկել է հայտ և առաջարկություններ Քննչական կոմիտեին, որպեսզի սկսկվի պաշտոնական հետաքննություն, գործ հարուցվի: Արդեն տեսել եմ որոշակի հրապարակումներ, որ այս խարդախության դեպքերը կարող են բացասաբար ազդել ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների վրա: Ես կարծում եմ՝ հակառակը, փոխհարաբերությունը կարող է խորանալ՝ շնորհիվ այս համատեղ աշխատանքի, որը կա Քննչական կոմիտեի ու OLAF-ի կողմից: Ես ակնկալում եմ, որ Քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերվի այն ազդակներին, որոնք հասնում են իրենց տեղական կառույցներից, ինչպես որ վերաբերվեցին մեզ: Կարիք չկա անմիջապես եզրակացություններ անել. սպասենք, դատողություններ չանենք՝ դա դատարանի իրավունքն է: Հասկանում եմ, որ սա բավական բարդ իրավիճակ է այն մարդկանց համար, ովքեր անմիջապես կապված են սրա հետ, բայց դատարանի վճռից առաջ մենք չենք խոսում»: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմանը, ապա նա ընդգծեց, որ այն իրենց համար չափազանց կենսական գործընկեր էր. «ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հավատարիմ է եղել իր մանդատին՝ ապացուցելով, թե որքան կարևոր կարող է լինել ԵԱՀԿ-ի ներկայությունը երկրում: Բազմաթիվ պետություններ հարցականի տակ էին դնում ԵԱՀԿ-ի գործունեությունը, սակայն Հայաստանը մշտապես աջակցել է ԵԱՀԿ-ի գործունեությունը և դրական գնահատել այն: Ծրագրեր մշակելիս նախեւառաջ մտածում էինք, թե ում հետ կարելի է աշխատել ԵԱՀԿ երկրներից: Այնուամենայնիվ ԵԱՀԿ-ն կշարունակի միջոցառումներ իրականացնել ՀՀ-ում, քանի որ երկու կողմն էլ դրա կարիքն ունեն: ԵԱՀԿ գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ, քան ՀՀ համար»: