Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞ր խելոք մարդը դատարկ թղթի վրա նոտարական հաստատում կտա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-manukyan

«Ծառուկյան» դաշինքի 12 անդամի ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելն, ապա՝ հետ վերցնելն ՀԱԿ ներկայացուցիչը ամոթալի գործընթաց համարեց: «Սա ուղղակի զզվելի է, տհաճության զգացում ես ապրում, որ, այսպես ասած, քաղաքակիրթ երկրում այսպիսի փչացածներ կան: Փչացած համարում եմ այն մարդկանց, որոնք համաձայնվել են այդ գործընթացին, որոնք ասել են՝ այո, ես պատրաստ եմ դիմում գրել, եւ շեֆ, դու կորոշես՝ ես դեպուտատ լինե՞մ, թե ոչ: Սա կամքի բացակայություն է՝ մարդ, որը իր կամքը, իր հավաքած ձայները տալիս է ուրիշին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ՀՀԿ համամասնական ցուցակից 9 անդամ, ՀՅԴ-ից՝ 3-ը, եւ «Ծառուկյան» դաշինքից՝ 23-ը: Դաշինքի 23 անդամից 12-ը դիմել էին ԿԸՀ՝ հետ վերցնելու իրենց դիմումները: Նրանք պատճառաբանել են, թե իրենք անձամբ նման դիմում չեն ներկայացրել, այլ ժամանակին ստորագրել են ինչ-որ թղթերի տակ: «Մարդը գնում է նոտարի մոտ դատարկ թղթի տակ ստորագրում է: Դա այն մարդն է, որ երկիր ղեկավարելու հայտ է ներկայացնում: Ասում է՝ ժողովուրդ, ես գալիս եմ քո ճակատագիրը տնօրինելու, բայց ես գնացել եմ մի նոտարի մոտ ու դատարկ թղթի տակ ստորագրել եմ: Ինքը համաձայնել է իրեն այդպես թելադրողի հետ ու թելադրողն էլ է փչացած»,- ընդգծեց Արամ Մանուկյանը: Այս դիմումները հաստատվել էին Կենտրոնի նոտարական գրասենյակի նոտար, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստր Աննա Աբրահամյանի կողմից: Նա հայտարարել է, որ այդ մարդիկ ներկա են եղել, երբ ինքը նրանց բոլորի ստորագրությունները հաստատել է, իսկ թե դրանից հետո այդ դիմումում ինչ է գրվել, ինքը արդեն փաստաթղթում շարադրված բովանդակության համար պատասխանատու չէ: «Նոտարն էլ, որ պետական աշխատող է, հաստատում է սպիտակ թուղթը, ստորագրությունը, չէ՞ որ այդ ստորագրության վերեւի մասում կարելի էր գրել ցանկացած բան, օրինակ՝ «ես՝ Պողոս Պողոսյանս, գնում եմ նախագահին սպանելու, այս ծրագրերով գնում եմ ահաբեկչություն անելու ու այս ամենն անելու համար ստորագրում եմ»: Ո՞ր խելոք մարդը դատարկ թղթի վրա նոտարական հաստատում կտա»,- նկատում է նա: Ինքնաբացարկի դիմումը հետ վերցրածներից 8-ը ստացան պատգամավորական մանդատներ: «Այնտեղ կան մարդիկ, որոնք առաջին անգամը չէ, որ անում են այդ բանը, բազմակի փչացածության մարդիկ կան, սակայն ինձ դա չի հուզում, այլ այն, թե քաղաքացին, երբ տեսնում է, որ 5 անգամ փչացած մարդը ինչքան շատ է փչանում, այնքան կարիերան իր առջեւ բացվում է, ինքն իր երեխային ի՞նչ է դաստիարակելու՝ գնա ծախվի, որ ավելի լավ առնող լինի՞, դու կարող ես դառնալ նախարար, ռեկտոր, դեպուտատ: Բարոյական արժեքներդ է փչանում»,- իր մտահոգությունը հայտնեց ՀԱԿ փոխնախագահը: Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ այս ամենը հետեւանք է ԱԺ ընտրություններին տեղի ունեցած ապօրինությունների, երբ քաղաքացու ձայնը գնվեց 10 հազար դրամով՝ գործի դնելով իշխանական բոլոր լծակները: «Սա, իրենց ասած՝ գաղջի գագաթն է, սա Հյուսիսային Կորեա է: Մենք հիմա մեր քաղաքացիներին չենք կարողանալու համոզել, որ միայն քվեաթերթիկով պետք է իշխանություն փոխենք ու արդյունքում ստացվելու է՝ եփել ես բորշը, գնա, կեր, ինչ երկիր սարքում եք, այդ նույն ձեւով էլ պատասխանը կստանաք մի օր: Ձեր արածի պատասխանը եւ ձեր քթից է դուրս գալու՝ իշխանությանը նկատի ունեմ, եւ ցավոք, երկրի ու ժողովրդի»,- նշեց նա: ԿԸՀ-ն հրապարակել է 6-րդ գումարման ԱԺ 105 պատգամավորների ցանկը, ըստ որի՝ 58 մանդատ կստանա ՀՀԿ-¬ն, 31` «Ծառուկյան» դաշինքը, 9` «Ելք» դաշինքը, 7՝ ՀՅԴ-ն: