Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարանձավի նոր տերերը կխանգարեն պեղումներին. հնագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
areni1

Արենիի ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող քարանձավները տա՞լ վարձակալությամբ, թե այն թողնել գերազանցապես գիտական աշխատանքի համար։ Արենիի պեղումների արշավախմբի ղեկավար, հնագետ Բորիս Գասպարյանն այս նախաձեռնության հիմնական ընդդիմախոսներից է.  «Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսի մոտեցում կունենա  օգտագործողը՝ ինչ ծրագիր էլ գրի։ Կա ծրագիր և կա իրական կյանք»։ Մշակույթի նախարարությունը Արենիի 5 քարանձավներում օգտագործող ներգրավելու համար ներդրող գտնելու մրցույթ է հայտարարել։ Նախարար Արմեն Ամիրյանը այսպիսի բացատրություն է տալիս. «Այսօր արդեն այդ քարանձավները ծառայում են զբոսաշրջությանը, կա նաև որոշակի դրամաշրջանառություն, կան զբոսաշրջիկների որոշակի հոսքեր, և այս ամենն անհրաժեշտ է կանոնակարգել։ Եթե չկանոնակարգվի, դա կարող է վնասել պատմամշակութային շերտին»։ Պետության առաջարկած ծրագրով քարայրի պատշաճ պահպանությունը հարցականի տակ է դրվում, կարծում է Արենիի պեղումների արշավախմբի ղեկավարը։ Բորիս Գասպարյանը Մշակույթի նախարարության հետ հակադրությունն ինքնանպատակ չի համարում։  «Պատկերացրեք, որ այստեղ մասսայաբար մարդիկ կանգնած լինեն, նախ՝ կանգնած ենք հնագիտական շերտի վրա, կամ սխալվեն ոտքը դնեն քարի վրա, ջարդվի գլորվի։ Սա է գինու հնձանը, մարդիկ գալիս են հիմնականում սա տեսնելու համար, պատկերացրեք՝ այստեղ, երբ շատ մարդ է լինում փակ միջավայր է, շնչում-արտաշնչում են կառուցվածքների ու բիոլոգիական աշխարհի վրա»։ areni2 Արենիում երկար տարիներ հնագիտական աշխատանքներ կատարող հնագետի ու գործընկերների ջանքերով 2010 թ-ին «Թռչուններ» քարայրում հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ Ապագայում հնագետների թիմը պեղելու է  «Թռչուններ» քարանձավի տարածքի այլ հատվածներ ևս։ Բայց դա գուցե հնարավոր չլինի՝ նոր տիրոջ ի հայտ գալու պարագայում։  «Հնձանը գնում է մինչև այս պատը։ Եթե մենք պեղենք ամբողջ հնձանը, նորից կկտրենք հասանելիությունը դեպի քարայրի այն կողմ։ Արդյո՞ք մենք կարող  ենք օգտագործողի հետ այստեղ հարմոնիա գտնել, չեմ կարծում»,- մտահոգվում է Բորիս ասպարյանը։ Մշակույթի նախարարությունը խոստանում է անել ամեն ինչ՝ գիտական աշխատանքը չխաթարելու համար։ Արմեն Ամիրյանի խոսքով՝ քարայրը զբոսաշրջությանը տրամադրելը այլ նպատակներ էլ ունի։ areni4  «Այն հնավայրը, որը շահագործվում է զբոսաշրջության կողմից, լավագույնս է պահպանվում։ Հակառակ դեպքում այսօր մենք գործ ունենք ստվերային զբոսաշրջության հետ, ստվերային դրամաշրջանառության հետ»։ Բորիս Գասպարյանը չի հերքում՝ զբոսաշրջիկներ գալիս են, բայց... «Գումար տալը թողնված է մարդկանց կամքին, նրանցից ոչ ոք ոչ մի պարտադիր գումար երբեք չի պահանջում»։ Մինչ Արենիի քարայրները վարձակալության տալը պետությունը չի հետաքրքրել այստեղի վիճակը։ Գտածոները պահպանելու համար արշավախումբը գումարներ է գտել արտերկրից, և  աշխատանքների  90%-ը կատարվել է բարերարների հաշվին։ Արենիում մեծ գումարներ է ներդրել նաև ամերիկյան «Գֆոելլեռ» հիմնադրամը, որի դերն ու կշիռն այս պատմության մեջ անտեսվում է։ Բորիս Գասպարյանն ասում է. «Մեր հիմնական բարերարը  ունի մի քիչ նեղացած դիրքորոշում։ Ինքն ասում է՝ ես դեմ չեմ, ճիշտ եք անում, իհարկե դա պետք է անել, բայց ինչո՞ւ եք իմ ներդրած գումարով ստեղծածը տալիս ինչ-որ մեկին, դնում մրցույթի։ Ոնց որ ասած՝ ես եմ դրա հայրը, դուք մրցույթ եք անում իմ ծնողական իրավունքը ճանաչելով»։ Բորիս   Գասպարյանը հիշեցնում է՝ պետությունը չկար նաև այն ժամանակ, երբ «Թռչուններ» քարանձավի մի հատվածում ռեստորանի կառուցման աշխատանքներ էին սկսվել։ Շինարարներին ստիպեցին հեռանալ հենց հնագետները։ Իսկ Արենիի քարանձավները լավագույնս օգտագործելու և չվնասելու համար պետք է սկսել հայեցակարգ կազմելուց, ինչը մինչ օրս չի արվել։