Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան՝ Հայաստանի երրորդ գործընկեր

Տնտեսություն
vilen

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար 2017-ին կանխատեսում է 2.9 տոկոս տնտեսական աճ։  Մինչեւ 2022 թ-ը կանխատեսվում է, որ տնտեսական աճը կգտնվի 4 տոկոսի շրջանակներում։ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի համար կանխատեսվում է 1.4 տոկոս տնտեսական աճ։  Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքերով, Բելառուսի համար կանխատեսվում է -0.8 տոկոս։ Սա նշանակում է, որ Բելառուսի տնտեսության մեջ առկա են խնդիրներ, որոնք դեռեւս վերջնական լուծում չեն ստանում։ Ղազախստանի համար կանխատեսվում է 2.5 տոկոս տնտեսական աճ։ 2017-ին ամենաբարձր տնտեսական աճն ապահովելու է Ղրղըզստանը՝ 3.4 տոկոս։  ԱՄՀ կանխատեսումների համաձայն՝ Ադրբեջանը բացասական տնտեսական աճ՝ -1 տոկոս կունենա, 2016 թ-ին եղել է -3.8 տոկոս. «Տնտեսական աճի բացասական միտումները երբեմն Ադրբեջանը կապում է սահմանին լարվածությամբ՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար։ Մյուս կողմից էլ սա կարող է նպաստել այդ երկրի սպառազինության գծով ներդրումների կրճատմանը»։ Հայաստան ներմուծվող ապրանքների 37 տոկոսի ծագման երկիրը ԱՊՀ անդամ երկրներն են, որոնցից 34.7 տոկոսը միայն Ռուսաստանն է։ Այսինքն, ԱՊՀ տարածաշրջանի մյուս բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների տեսակարար կշիռը կազմում է 3 տոկոս։ Հատկանշական է, որ Թուրքիան մեր ներմուծման բնագավառում Հայաստանի երրորդ գործընկեր երկիրն է՝ 5.1 տոկոս մասնաբաժնով։ 2006 թ-ին Հայաստանում ներդրումներ հիմնականում կատարվել են Լյուքսեմբուրգից, Կիպրոսից եւ Միացյալ Թագավորությունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, նրա դիտարկմամբ ներդրումներ կատարվել են հիմնականում հանքարդյունաբերության, էկելտրականության եւ գազամատակարարման ոլորտներում։ Ըստ նրա՝ մենք պետք է զբաղվենք ԵԱՏՄ-ի անդամ երկրների կողմից ներդրումների ներգրավմամբ։ «Մենք խոսում ենք ռուսական կապիտալի ներգրավման մասին, ստեղծվում է ներդրումների ակումբ, իսկ ես փաստ եմ ներկայացնում, որ 2016-ը մենք փակել ենք 52 մլրդ դոլար ներդրումների արտահոսքով դեպի Ռուսաստան»։ Նա նաեւ նշեց, որ Հայաստանի համախառն ազգային պարտքը, որը ընկերությունների եւ պետական պարտքի հանրագումարն է, կազմում է 9 մլրդ 951 մլն դոլար։ Տնտեսագետի կանխատեսմամբ, 2017 թ-ին Հայաստանի համախառն ազգային պարտքը 100 տոկոսով կհավասարվի Հայաստանի համախառն ներքին արդյունքին, որը կազմում է 10.5 մլրդ դոլար։