Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգավանդիցները կանխատեսում են 50 տոկոս բերքի կորուստ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
nkar-argavand

Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի պտղատու այգիները  վնասվել են ցրտահարության և կարկուտի պատճառով: Գյուղացիները նշում են, որ դաժան սառնամանիքների հետևանքով տուժել են անգամ այգեթաղ արված խաղողի վազերը։ Գյուղացիները կանխատեսում են, որ բերքի ծավալը այս տարի կկազմի 2016թ.-ի ցուցանիշի մոտ կեսը: «Մոտավոր անցած տարվա համեմատ խաղողի մոտ 50 տոկոս բերքատվություն է լինելու: Նույնը կարող եմ ասել խնձորի, տանձի և ծիրանի վերաբերյալ»,-Ա1+-ի հետ զրույցում նշեց Արգավանդի բնակիչ Հրաչ Իսահակյանը: Գյուղացիները տուժել են նաև այն պատճառով, որ չի մղվել արդյունավետ պայքար կրծողների դեմ։ Մեկ այլ արգավանդցի Մովսես Այվազյանը ասաց. «Գյուղապետարան կրծողների դեմ թույն էր բերվել, սակայն ոչ ոք չի վերցրել օգտագործելու համար»։ Կրած վնասների և ակնկալվող սակավ բերքի հետևանքով գյուղացիների վարկային բեռն այս տարի ավելի կծանրանա: Նրանք նշում են, որ բերքի կորստի որևէ փոխհատուցում չեն ստացել և չգիտեն, թե իրենց հասանելիք գումարները ուր են կորում:  «Անցած տարվա ցրտահարության համար ոչ մի փոխհատուցում չենք տեսել, կարկտահարության ոչ մի փոխհատուցում չենք տեսել: Չգիտեմ, թե ինչ են մտածում կառավարությունը, գյուղնախարարությունը: Մենակ խոսում են, թե ինչքան բերք են ստացել»,- ասաց Մովսես Այվազյանը; Գյուղացիները նաև տուժում են նրանից, որ հակակարկտային սարքավորումները օգտագործվում են ուշացումով՝ կարկուտից հետո: Ըստ իրենց, անհրաժեշտ է երկարատև և հետևողական պետական աջակցություն, որպեսզի նրանք կարողանան ոտքի կանգնել և ուշքի գալ բնության հարվածներից։