Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկայում ինձ կտեսնեք տարբեր հարթակներում. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hovik-abrahamyan

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս պահին դեռ գործազուրկ է: «Առայժմ չեմ աշխատում: Կյանքը դեռ առջևում է: Առաջիկայում ինձ անպայման կտեսնեք տարբեր հարթակներում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ազատ այս ժամանակահատվածը նա փորձում է օգտագործել արդյունավետ. «Այն, ինչ չեմ հասցրել անել, այն, ինչով չեմ հասցրել զբաղվել, հիմա զբաղվում եմ՝ ընտանիքով, թոռնիկներով, ընկերներով, մտավորական իմ գործընկերների հետ եմ հանդիպում»:  Նրա որդին՝ Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, «Ծառուկյան» դաշինքով այսօր տարածքային ցուցակով ընտրված պատգամավոր է. «Ընտրությունների արդյունքում ժողովուրդը գնահատականը տվել է իր արած աշխատանքին, հարգանքը մեր ընտանիքի նկատմամբ»: Որպես նախկին ՀՀԿ-ական՝ Հովիկ Աբրահամյանը որքանո՞վ է նպատակահարմար գտնում իր որդու ներգրավվածությունը «Ծառուկյան» դաշինքում. «Ինքն անկուսակցական է, եւ օրենքը թույլ չէր տալիս այլ կերպ մասնակցել ընտրություններին, դրա համար որեւէ դաշինքով պետք է առաջադրվեր, եւ ընտրեց Ծառուկյան դաշինքը»: Նախկին վարչապետը բարձր է գնահատում քաղաքական գործիչ որդուն եւ իր փորձով կաջակցի նրան ԱԺ-ում. «Յուրաքանչյուր ծնող կաջակցի իր զավակին: Ինքն իր 31-ամյա հասակում կարողացել է վաստակել ժողովրդի սերը: Նա քաղաքապետ է աշխատել երկու տարի, ես զգացի, թե ինչքան մեծ համակրանք ունի քաղաքի ժողովուրդն իր նկատմամբ: Դուք էլ կարող եք հարցում անել ու իմանալ: Ինքը ճիշտ ուղու վրա է, եւ կարծում եմ՝ նա հաջողություն կունենա ապագայում»: Հովիկ Աբրահամյանը Կոմիտասի անվան Պանթեոնում էր, որտեղ  նշվում էր պետական ականավոր գործիչ Կարեն Դեմիրճյանի 85-ամյակը. «Բոլոր քաղաքական գործիչները սովորելու բան ունեն Կարեն Դեմիրճյանից՝ իր ժողովրդավարությամբ, մարդկային հարաբերություններով, պրոֆեսիոնալիզմով, նաեւ՝ որպես մշակույթի գործիչ»: