Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրությունները՝ ոչ ազատ . «Անկախ դիտորդ»

Քաղաքականություն
ditord

 «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հայտարարությունը 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ։ Ընտրությունները՝ ոչ ազատ և ընտրողների զանգվածային վերահսկողությամբ Ընտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կողմից մշտապես առանձնացվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց չլուծվածությունը հիմք է տալիս կասկածի տակ առնել երկրում կազմակերպված ընտրությունները: Այդ հիմնախնդիրներից են վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումը և դրա դեմ պայքարի անարդյունավետությունը, թեկնածուների հավասար մրցակցային հնարավորությունների բացակայությունը, ընտրողների ազատ կամարտահայտման խոչընդոտների դեմ անարդյունավետ պայքարը, ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սահմանափակումները,   ընտրախախտումների և քվեարկության արդյունքների արդյունավետ բողոքարկման մեխանիզմների ու հնարավորությունների բացակայությունը:  2016թ. ընդունված նոր ընտրական օրենսգիրքը որևէ պատասխան չտվեց այս մտահոգություններին, այլ առավել խորացրեց վաչական ռեսուրսի ու տարբեր լծակների կիրառման հնարավորությունը` համամասնական ընտրակարգի հիմքում դնելով տարածքային ընտրական ցուցակներով առաջադրման հնարավորությունը:  «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից դեռևս նախընտրական քարոզչության դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ.

  1. Նախընտրական քարոզչությունն ուղեկցվել է բռնություններով և ճնշումներով, այդ թվում հրազենի գործադրմամբ, որն ուղղված է եղել հիմնականում ոչ իշխանական և/կամ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների թեկնածուների և համակիրների դեմ:
  2. Իշխող ՀՀԿ-ի կողմից կիրառվել է վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահում:
  3. ԿԸՀ-ի հասցեագրված հանրագրերում բարձրացված հարցադրումները ամբողջ ծավալով, այդ թվում բազմակողմանի քննության չեն առնվել ԿԸՀ-ի կողմից: Իսկ ԿԸՀ-ն իր հերթին բավարար ջանք չի ներդրել և կամք չի դրսևորել քարոզչության ընթացքում հայտնի դարձած և հաստատված իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Անհրաժեշտ է արձանագրել, որ քարոզարշավի վերջին օրերին և հատկապես քվեարկության օրը և նախորդող լռության օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել Հայաստանի Հանրապետական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցության և «Ծառուկյան» կուսակացությունների դաշինքի կողմից ընտրակաշառքների զանգվածային, համատարած բաժանման մասին, որոնց վերաբերյալ հավաստի տեղեկությունները տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական կայքերով: Չնայած դրան, իրավապահների կողմից ընտրակաշառքի գեթ մեկ դեպք առ այսօր չի բացահայտվել կամ կանխվել: 2017թ. ապրիլի 2-ին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջանակներում հանրապետության ողջ տարածքի 200 տեղամասային և 35 տարածքային հանձնաժողովներում դիտորդություն իրականացրած դիտորդները զեկուցել են ավելի քան 3050 խախտումների մասին, որոնց հիմնական մասն իրենց բնույթով կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Դիտարկված 200 տեղամասերից 134-ում (67 տոկոսում) ըստ էության խախտվել է անձանց քվեարկության գաղտնիությունը, քանի որ գրանցվել են դեպքեր, երբ քվեարկության խցիկում եղել են այլ չափահաս անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով ընտրողին օգնող չեն հանդիսացել: Տեղամասերից 101-ում (50,5 տոկոսում) գրանցվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս լրացնելու դեպքեր: Տեղամասերից 59-ում (29,5 տոկոսում) գրացվել են քվեարկելուց հետո հանձնաժողովի անդամներին կամ վստահված անձանց քվեարկության մասին տեղեկացնեու կամ բարձրաձայնելու դեպքեր: Այս ամենը վկայում է քաղաքացիների քվեարկության նկատմամբ աննախադեպ  վերահսկողության մասին: Քվեարկության օրվա հիմնական բնութագրող խախտումներ են հանդիսացել նաև պարբերական կուտակումները ընտրատեղամասերի մոտ, որոնք առաջացել են ընտրողներին խմբերով տեղամասեր տեղափոխելու և ուղղորդման հետևանքով: Դիտարկված տեղամասերից 99-ում (49,5 տոկոսում) քվեարկության տարբեր ժամերին գրանցվել են վիճաբանություններ, ինչը ևս մեկ անգամ վկայում է քվեարկության օրը տեղամասերից առնվազն կեսում լարված մթնոլորտի մասին: Ելնելով վերոգրյալից «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն արձանագրում է` 1. Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված շատ խնդիրներ (վարչական ռեսուրսների զանգվածային և կազմակերպված չարաշահում, առաջադրված կուսակցությունների և դաշինքների մրցակցային անհավասար պայմաններ) և դրանց կանխման, վերացման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ոստիկանության, այլ իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքի և անգործության արդյունքում ձևավորված  անպատժելիության մթնոլորտը իր  ազդեցությունն ունեցավ նաև քվեարկության օրը: 2. Տարածքային թեկնածուների միջոցով իշխող կուսակցության համար ցանկալի արդյունքների ապահովումն իրականացվեց ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցներով, որոնք որևէ կերպ չկանխվեցին և առայժմ պատշաճ չքննվեցին իրավասու մարմինների կողմից: 3. ՀՀ Ազգային ժողովի քվեարկությունն ընթացավ բազմաթիվ խախտումներով և քվեարկողների նկատմամբ զանգվածային վերահսկողության պայմաններում: «Անկախ դիտորդ» հասարական դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները գնահատում է ամբողջությամբ ոչ ազատ և ուղեկցված ՀՀ քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոպիտ ոտնահարմամբ: Որոշակի տեսակների խախտումների տեղամասերի ցանկը կգտնեք աստեղ՝ PDF և EXCEL ձևաչափերով: Դաշինքի նախնական եզրակացությունը՝ այստեղ: «Անկախ Դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրազեկ քաղաքացիների միավորման Մարտունու կանանց համայնքային խորհրդի Գորիսի մամուլի ակումբի   ditord ditord1