Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որոշ տեղամասերում ստախանովյան տեմպերով քվեարկություն է գնացել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
transparensi

Եթե ԱԺ ընտրություններին 60,86 տոկոս մասնակցություն է եղել,  նշանակում է՝  ընտրատեղամասային հանձնաժողովները կայծակնային արագությամբ են աշխատել: Սա տարակուսանքների առիթ է տվել դիտորդ կազմակերպություններին, քանի որ այդ դեպքում ստացվում է՝  ընտրատեղամասերում 200 վայրկյանում 4 ընտրող է եղել: «Եթե 2000 ընտրողը սահմանային արժեք ընդունենք, մենք տեսնում ենք ընտրատեղամասեր, որտեղ 500-ից ավելի են քվեարկել 3 ժամվա մեջ: Այսինքն, եթե այդքան մարդ քվեարկեր, կնշանակեր՝ 2000-ից ավելի մարդ: Այդ որոշակի 3 ժամանոց ինտերվալներում որոշակի տեղամասերում ուղղակի ստախանովյան տեմպերով քվեարկություն էր գնացել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:  Վարուժան Հոկտանյանն ընտրությունների ընթացքում 2 ուսումնասիրություն է անցկացրել՝ վարչական ռեսուրսի չարաշահման եւ ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգ, որը կհրապարակվի ապրիլի վերջին: Մոնիթորինգի ժամանակ հակակոռուպցիոն կենտրոնը ֆիքսել է ընտրողների բաշխումը ըստ հասցեների. «Մենք տեսնում էինք, որ շատ ու շատ հասցեներ թվում էին բեզռազմերնի բնակարաններ, տներ էին, որտեղ 10-15 հոգի էր ապրում: Մենք ասում էինք՝ կուսակցություններ, բարի եղեք, ստուգեք այդ ամենը, բայց դե կուսակցությունները քարոզարշավ էին անում, դրա ժամանակը չունեին»: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ընկերությունը ներկայացնում է փաստեր, իսկ ավելի խորը ուսումնասիրությունները թողնում ընտրություններին մասնակից ուժերին. «Սա երեւի մտքի ծուլության հետեւանք է՝ դե, այս ամենը այսպես եղավ, ժողովուրդն այսպիսինն է, եւ այլն: Ո՞վ հիմա կգնա ու կվերցնի ընտրացուցակները եւ կստուգի՝ իսկապե՞ս այդքան մարդ քվեարկել է, թե ոչ: Ո՞վքեր կփորձեն տեսախցիկների միջով պարզել՝ բաց քվեարկություն եղե՞լ է, թե ոչ, արդյոք այդ սարքերը նորմալ աշխատե՞լ են կամ կրկնաքվեարկություն եղե՞լ է, թե ոչ: Իսկ ես լսում եմ, որ կուսակցությունները ասուլիսներ են անցկացնում եւ տալիս են ընդհանուր գնահատականներ, փոխանակ այդ տքնաջան աշխատանքով հիմա զբաղվեն ու սկսեն ցուցակները ստուգեն»:  Այն, որ ընտրություններին մասնակից ուժերից հինգը չանցան ԱԺ, պարոն Հոկտանյանը բացատրություն ունի՝ նրանք իրավիճակը սթափ չէին գնահատել՝ հասկանալու՝ ինչպիսի  ընտրազանգված ունեն. «Ոչ թե միտինգների ժամանակ ոգեւորվեին, որ մարդիկ են գալիս, ծափ են տալիս եւ նման այլ զեղումներ են լինում, այլ փորձեին այդ խորքային խնդիրները հասկանալ, վերլուծել»: Կուսակցությունները պետք է ոչ թե ընտրություններից առաջ միայն հանդիպեին ընտրողների հետ ու խոստումներ տային, այլ տարիներով աշխատեին, լուրջ պատրաստվեին: