Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Գեւորգյանի մահը պաշտպանը պատահականություն չի համարում (տեսանյութ)

Հասարակություն
hrachya

Երեկ «Արմավիր»  ՔԿՀ-ում  մահացել է դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը: Նրա պաշտպան  Նինա Կարապետյանցը  մահը պատահականություն չի  համարում:  «Ինքը այնքան շատ մարդու էր խանգարում:  Ավելին ասեմ, վերջին նամակները որ գրում էր, գրում էր «Նուբարաշենն» անվանում էր բիզնես կենտրոն: Ասում էր,  ինչը չեն կարող դրսում վաճառել, վաճառվում էր այնտեղ, ինչ հնարավոր չէ դրսում ճարել, այստեղ շատ հեշտ հնարավոր է ճարել»:   Նինա Կարապետյանցի խոսքերով՝ ապրիլի 5-ին մահացած  Հրաչյա Գեւորգյանը  բազմաթիվ անգամ գրել է, թե ինչպես են   ամեն ինչի համար գումար  հավաքվել. «Հրաչյա Գեւորգյանը գրել է, որ հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  թմրանյութի շատ մեծ շրջանառություն կա եւ այդ շրջանառությունը կատարվում էր հենց աշխատակիցների միջոցով»։ Հելսինկյան ասոցիացիայի նախագահը, նույն ինքը՝ Նինա Կարապետյանցը,  հիշեցնում է, որ մի քանի մեղադրանքներով դատապարտված իր  պաշտպանյալը առողջական լուրջ խնդիրներ ուներ, նրա մոտ ախտորոշվել էր նաեւ Պարկինսոնի հիվանդություն, սակայն  ազատ չէր արձակվել: «Բացահայտ ընդգծված բացասական վերաբերմունք կար նրա նկատմամբ: Ասում էին՝ ինքը սիմուլյանտ է: Մարդը չի քայլում, ասում է ԼՕՌ-ի բժիշկը հետազոտել է:  Նրան բավարար բուժում չտրամադրելը, անգործությունը եւս հանցագործություն է։ Գոնե վերջին 1 տարին ես անընդհատ ներս ու դուրս էի անում: Եւ ոչ միայն ինքը, այլև մյուս ՔԿՀ-ների կալանավորները  պատշաճ բուժում չեն ստանում»: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրամանով ծառայողական քննություն է  նշանակվել «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով:  Պաշտպանը սա ձեւական բան է համարում: Հրաչյա Գևորգյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից  եւ տեղաշարժվում էր սայլակով:   Փաստաբան Արայիկ Պապիկյանը  ՔԿՀ-ներում տիրող իրավիճակից այսպիսի տպավորություն է ստացել. « Գտնվող անձը ոչ թե անձ է, այլ ապրանք է, հնարավոր եկամտի աղբյուր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Անձը որքան շատ կգտնվի ՔԿՀ-ում, ոչ օրինական ճանապարհով ստացվող եկամուտները  եւ շրջանառությունը,  որը կա,  ավելի մեծ կլինի»: Ժամանակին կալանավայրում գտնվող Հրաչյա Գեւորգյանը 57 օր հացադուլ էր հայտարարել, նույնիսկ կարել բերանը՝ դժգոհելով կալանավայրում իր նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքից: