Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փողով ընտրություն կատարողներին Ա. Ադիբեկյանը համեմատեց «կակաչների» հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
adi

«Հրաշքները երկնքում են լինում, երկիրն ապրում է երկրային սպասելիքներով: Այնպես որ, ԱԺ ընտրությունների արդյունքում որեւէ հրաշք տեղի չունեցավ»,- ամփոփելով  ընտրական գործընթացը՝ հայտարարում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Ըստ նրա՝  «ՀՀԿ-ն մեծամասնություն է, եւ կոալիցիայի կարիք չի ունենա: Բայց ամեն դեպքում, կոալիցիան կպահպանվի ՀՅԴ-ի հետ: Մյուս կուսակցությունները բավականին թույլ էին: Երբ տարբեր սոցիոլոգիական հարցերով ինձ դիմած յոթ քաղաքական ուժերին ներկայացնում էի սպասվելիք պատկերը, նրանք չէին հավատում: Շատ ուժեր անգամ չկարողացան մոտենալ նվազագույն շեմին»: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ «Ծառուկյան»  դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ընտրական գործընթացների վերաբերյալ պարզունակ պատկերացում ունի.  «Նա ընտրողներին ընդունում է որպես միասնական զանգված եւ կարծում, որ այդ զանգվածից իրեն շատերն են սիրում: Գագիկ Ծառուկյանը մի քիչ ինքնասիրահարված է, նարցիցիզմով է տառապում: Մինչդեռ հաշվի չի առնում, որ ընտրազանգվածը բաղկացած է տարբեր սեռային, կրթական խմբերից»:   Սոցիոլոգի գնահատմամբ «Ծառուկյան» դաշինքի ձայների մեծ մասը տարել է «Ելք»-ը. «Նույն պոպուլիստական  խոստումներ են տալիս ու հետաքրքիր է, որ նրանց ձայն տվողները հիմնականում 60-անց մարդիկ են»: Անդրադառնալով ՕՐՕ դաշինքին՝ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ  Րաֆֆի Հովհաննիսյանի պասիվությունը՝ տեղ-տեղ տարօրինակ հայտարարություններով, իր գործն արեց. «Եթե «Ժառանգությունն» ավելի շուտ միանար դաշինքին, պատկերն այլ կլիներ: Եթե այս կուսակցությունը միայնակ մասնակցեր ընտրություններին, միանշանակ է, որ ավելի շատ ձայներ կհավաքեր, ու կհայտնվեր խորհրդարանում»: «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը չանցավ մի պարզ պատճառով. «Այս կուսակցությունը այնքան կուսակից ունի, որ եթե բոլորը քվեարկեին ՀՎԿ-ի օգտին, ապա նրանք կանցնեին: Սա նշանակում է, որ անգամ իրենց կուսակիցները, չեն քվեարկել իրենց օգտին»: ՀՅԴ-ն էլ հաջողության է հասել այն տարածքներում, որտեղ ունեցել է համայնքի ղեկավար. «Դա նշանակում է, որ նրանք լավ են աշխատել, մանկապարտեզներ, դպրոցներ են վերանորոգել, բայց դա պետք չէ համարել ընտրակաշառք»: Սոցիոլոգին զարմացնում է, երբ իրեն հարցնում են, թե ինչու են մարդիկ վաճառեցին իրենց ձայնը 10,000 դրամով. «Դա ոնց-որ հարցնեն ինչու է կինը դուրս գալիս տրաս ու դառնում կակաչ, որովհետեւ այլ բան չունեն վաճառելու»,- ասում է սոցիոլոգն ու միեւնույն ժամանակ հավելում, որ ոչ բոլորն  են փողով գնացել ընտրության. «Ընտրողների կեսը գաղափարական ընտրողներ են, նրանք պահպանողական են, չեն ուզում իշխանափոխություն: Ընդամենը մի փոքր մասն է  գումարով ընտրել, շատ քիչ մաս: Չէր կարող ՀՀԿ-ն 48 տոկոս հավաքել գումար տալով: Դրա համար պետք է առնվազն բանկերը թալաներ»: