Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղրին Ադրբեջանին հանձնելու հարց չի եղել. Վ. Օսկանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ORO-5

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կոտրեց Հայաստանում անհուսության մթնոլորտը. ամփոփիչ ասուլիսում հայտարարում է դաշինքի առաջնորդը։ Իշխանությունը փորձեց ընտրությւոնների մակարդակն իջեցնել թաղային քվեարկության մակարդակի։ Բայց Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ իրականությունն այլ է. «Չափազանց կարևոր ընտրությունների շեմին ենք մենք գտնվում։ Այս ընտրությունները համարում ենք հավասար Հայաստանի անկախության հանրաքվեին»։ Դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրակեղծարարությանը մասնակցող քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ նման գործելակերպից. «Պատմության անիվը շրջում է և պատասխանատվության սլաքը հասնելու է յուրաքանչյուրին։ Դրա համար զերծ մնացեք կառավարության ուժին ծառայելուց։ Մենք ամեն ինչ անելու ենք ընտրակեղծարարությունը կանխելու համար»։ Բայց և այնպես,գնացքն արդեն գնացել է, Րաֆֆի Հովհաննիսյանն արձանագրում է. «Ընտրությունների արդյունքների վրա էականորեն ազդող ընտրակեղծիքներ արդեն կատարվել են։ Պատասխանատուն իշխանությունն է։ Կուսակցապետությունն իր ղեկավարով պիտի հեռանա։ Այս գիտակցությունը կա մեր ողջ ժողովրդի կողմից և հույս ունենք այս իշխանությանն ուղարկել պարկեշտ ընդդիմության շարքերը»։ Քարոզարշավի ամփոփիչ ասուլիսում Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անդրադառնում է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե իրենց իշխանավարման տարիներին Արցախի հարցի քննարկումներում եղել է նաև Մեղրին Ադրբեջանին հանձնելու հարց. «Այդպիսի բան չկա, չի եղել և չի կարող լինել։ Ընդամենը 90-ականներից Կոպլի ծրագիր կար, որը գոյություն է ունեցել և 90-ականներին, և 2000-ականներին, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի որևէ իշխանություն չէր կարող դրան լուրջ վերաբերվել»։ Վարդան Օսկանյանը հավելյալ մեկնաբանությունների վրա չուզեց ժամանակ ծախսել, սակայն ավելացրեց. «Ցավում եմ,որ այդ խնդիրը հիմա շահարկման առարկա է դարձել»։ Նախկին արտգործնախարարը պնդում է՝ առանց Արցախի հարցի լուծման հնարավոր է պետության զարգացում ունենալ. «... նույնիսկ երկնիշ տնտեսական աճով։ Հնարավոր է աղքատությունը կրճատել, հնարավոր է արտագաղթը կանգնեցնել ամբողջությամբ։ Երեք տարի Հայաստանում արտագաղթը կանգնել է»,- ասում է Վարդան Օսկանյանը։ Նա հող հանձնելու քննարկումները պարտվողական է գնահատում. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը տեսնում է, որ իրական հնարավորություն կա զարգացման հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի բանակցություններում հաջորդ քայլը կատարել։ Այսինքն՝ ինքնորոշման իրավունքի ամրագրումից անցնել Լեռնային Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ մեկ պետության փաստի ճանաչմանը միջազգային հանրության կողմից»։ Ըստ Վարդան Օսկանյանի՝ այս ամենին կարելի է հասնել միայն արդար ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանություն ունենալուց հետո։