Գեղեցիկ հայացքից կոմունիստները հասկացել են, որ իրենց են ընտրելու (տեսանյութ)
Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը չի կարծում, որ ԱԺ-ում մեծամասնություն կկազմեն, սակայն համոզված է՝ անցողիկ շեմը հաղթահարելու են. «Ժողովրդի հետ հարաբերվելով, նրանց հանդիպումներից, նրանց տրամադրությունից, նրանց գեղեցիկ հայացքից մենք հասկացանք, որ ճիշտ ենք մեր ուժերը որոշել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տաճատ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ հանրապետության արդյունաբերությունը զրոյական վիճակում է գտնվում: Իշխանության գալու դեպքում կարող են տնտեսությունը վերականգնել, աշխատանքային շատ մեծ փորձ ունեն: «Կստեղծենք այնպիսի վիճակ, որ բոլոր ճանապարհները եւ երկաթուղինը աշխատի, որպեսզի հնարավոր լինի բեռներ տեղափոխել եւ ստանալ բեռներ»: Ըստ Տաճատ Սարգսյանի՝ Հայաստանում ներդրումների համար պետք է ստեղծել նաեւ նպաստավոր պայմաններ: