Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորի գործը դեռ չի մակագրվել այլ դատավորի

Քաղաքականություն
24969

Կաշառք վերցնելու կասկածանքով կալանավորված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործը դեռ չի մակագրվել այլ դատավորի: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Վարդուհի  Էլբակյանը:  Մարտի 6-ից այս գործով նիստերը չեն կայանում, քանի որ  գործը քննող դատավոր Կարեն Մարդանյանը  նշանակվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր եւ դադարեցվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նրա լիազորությունները:    Ըստ մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը  1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող  եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել եւ  անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Կաշառք ստանալը դատավորի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:   1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և ստանալու դեպքի կապակցությամբ  հարուցված գործի շրջանակներում  անցնում է նաեւ  փաստաբան Էլզա Զաքարյանը: Սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունը: