Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՕՐՕ-ն խնդիր ուներ ցույց տալու, որ իրենք մինչեւ վերջ կանգնող են» (տեսանյութ)

Քաղաքականություն
vig

Եթե քարոզարշավի առաջին շաբաթների ընթացքում քաղաքական ուժերը բավականաչափ տոլերանտ էին միմյանց նկատմամբ, ապա քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, որքան ընտրությունների օրը մոտենա, այնքան պայքարը կսրվի: Նրա դիտարկմամբ՝ արդեն նման միտում նկատվում է, քանի որ գրեթե բոլորը սկսել են հասկանալ, թե ինչի կարող են հավակնել ու սկսել են նյարդային եւ կոշտ հայտարարություններ անել: «Արդեն հայտարարություններ են արվում, թե ինչ –որ մեկի «աչքերը կհանեն» , մի կին էլ սպառնում էր մարզպետի «ականջները կտրել», այս միտումը շարունակվելու է եւ առավել սրվելու է, բոլորին թվալու է, որ եթե ինչ-որ բան չանեն, ապա ինչ-որ բան կորցնելու են»: Ըստ քաղտեխնոլոգի՝ ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան դաշինքն» են այն ուժերը, որոնք պայքարում են 1-2 տեղերի համար եւ հենց այս ուժերն են, որ արդեն երաշխավորել իրենց մուտքը խորհրդարան: Մյուսներն այդ հարցը չեն կարողացել վստահաբար լուծել։ Եւս 4-5 կուսակցություն պտտվում են անցողիկ շեմի շուրջ: «ՀՀԿ-ին հաջողվեց նախընտրական մարտավարությունը, այն է՝ ցույց տալ, որ իրենք փոփոխվում են։ Դա արվում է մեկ մարդու միջոցով՝ դա Կարեն Կարապետյանն է, ում մարդիկ չեն ասոցացնում ՀՀԿ-ի հետ։ Սոցհարցումները ցույց են տալիս որ ՀՀԿ-ի ռեյտինգը 22 տոկոս է, իսկ վարչապետինը՝ միջինում 80-ի մոտ»։ Նրա խոսքերով՝ սա նշանակում է, որ հանրությունը այս ընտրությունները որպես քաղաքական կուսակցությունների միջեւ մրցակցություն չի դիտարկում,  այլ դիտարկում է վարչապետի թեկնածուների միջեւ մրցակցություն։ ՀՀԿ-ն հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը՝ հասկանալով, որ նա վստահության որոշակի պաշար ունի։ Նույնը անում է նաեւ «Ծառուկյան դաշինքը»։ Իսկ նրանք, ովքեր չեն հայատարարել, թե ով է իրենց թեկնածուն՝ թուլացրել են իրենց դիրքերը: Անդրադառնալով «Կոնգրես ՀԺԿ» դաշինքին՝ Վ. Հակոբյանը նշեց, որ թեեւ ՀԱԿ-ի գաղափարախոսությունը ռիսկային է, սակայն իրենք դա երբեք ել չեն թաքցրել. եւ տարօրինակ է, որ ունենալով ցածր ռեյտինգ՝ այս կուսակցությունը գնաց ՀԺԿ-ի հետ ոչ թե մեկ ցուցակով, այլ դաշինքով։ «Մի բան է 5 տոկոս, մեկ այլ բան՝ 7 տոկոս: Սա նշանակում, որ իրենք փորձված ուժ լինելով՝ բավական բարձր են գնահատում իրենց դերը»: Անդրադառնալով Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքին՝ նա նշեց, որ այդ դաշինքը մեկ խնդիր ուներ ՝ասոցացվել որպես ընդդիմադիր ուժ։ Նրա դիտարկմամբ՝ Սամվել Բաբայանի ձերբակալումը կարող է ռեյտինգային առումով օգուտ բերել այս ուժին, սակայն քանի որ ռեսուրսների ավելացման վրա դժվար թե ազդի, ապա այդ ռեյտինգային ավելացումը հազիվ թե վերածվի ձայների:  «Սամվել Բաբայանը, լինելով այս դաշինքի ստվերային մոդերատորը, հայտնվում էր սուր պահերին եւ կոշտ ու ուժային հայտարարություններով էր հանդես գալիս։ Ըստ էության՝ իշխանության առջեւ կոշտ պայմաններ էր դնում, որ եթե մենք չենք անցնում, ապա կարող ենք հակահարված տալ, Ջրառատի դեպքերն էլ դրա արտահայտությունն էին։ Դրանով նրանք խնդիր ունեին ցույց տալու, որ մենք մինչեւ վերջ կանգնող ենք, եւ այդ ուժային ֆակտորը իրենք ի ցույց էին դնում: Կարծում եմ՝ ինչ- որ նման մի բան պետք է  լիներ, քանի որ իրավիճակը այս դաշինքի շուրջ լարվում էր»։