Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական ուժերը հակադարձում են Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
nkarrr

Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չէ որևէ փոխզիջում քննարկել Արցախի հարցի շուրջ։ ԲՀԿ փոխնախագահի համար զարմանալի է այս փուլում խոսել տարածքային զիջման մասին։  «Երբ որ Ադրբեջանը պատրաստ կլինի քննարկել ազգերի ինքնորոշման սկզբունքը, էդ ժամանակ հնարավոր կլինի խոսել նման օրակարգի մասին»,- ասում է ԱԺ պատգամավոր, Ծառուկյան դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը։ ԲՀԿ-ն երբեք ժողովրդին չի հորդորի Արցախի հարցում Ադրբեջանին տարածքներ զիջել։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, այս թեզի շրջանառումից շահեր ունի։  «Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում բոլորից, բայց ես այստեղ տեսնում եմ նաև իշխող կուսակցության շահերի սպասարկում որովհետև անհրաժեշտ է հանրությանը ներշնչել այն թեզերը, որ առաջ է քաշվում ՀԱԿ-ի կողմից»։ Ծառուկյան դաշինքի  ներկայացուցիչը պատկերացնում է՝  ինչպես Ադրբեջանին ստիպել  լուրջ վերաբերվել բանակցություններին  եւ  ձեռք բերել Հայաստանի համար  ընդունելի լուծում։  «Մենք կարող ենք մեր տնտեսությունը հզորացնել, մենք կարող ենք ՏՏ ոլորտը, որը մեզ հնարավորություն կտա ինչ որ տեղ ռազմական հավասարակշռությունը ապահովել ։ Այդ ժամանակ Ադրբեջանը շատ խելոք պատրաստ կլինի քննարկել ցանկացած փոխզիջում»։ Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի հարցում դիրքորոշում չունենալու մեջ մեղադրեց  բոլոր քաղաքական ուժերին, բացառությամբ ՀՀԿ-ի։ Ստեփան Սաֆարյանը հակադարձում է՝ Ազատ դեմոկրատները ծրագրում խորությամբ են անդրադարձել։ «Մենք նույնիսկ գրել ենք, թե ինչ չափով է ղարաբաղյան խնդիրը միջազգային խնդիր,  ինչ չափով է միջպետական խնդիր, ինչ չափով է համահայկական խնդիր»։ Ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանը վստահություն չի ներշնչում, և տարածքների զիջումը կարող է ճակատագրական լինել հայկական կողմի համար։  «Գնել Ալիևից խաղաղություն, երբ Ալիևը երբեք այդ ապրանքը չի ունեցել և երբեք չի էլ կարող առաջարկել, սա ուղղակի խելահեղություն է։ Համաձայնել, որ Արցախի միջազգային ճանաչում պետք է կախված լինի Ալիևից, նրան էլ հռչակել ռացիոնալ քաղաքական գործիչ, թյուրիմացություն է»,- ասում է Ստեփան Սաֆարյանը։ Ստյոպա Սաֆարյանը հարց է բարձրացնում՝ ինչպես կարելի է վստահել մի պետության, որը չի հարգում անգամ միջազգային պարտավորությունները՝ արհամարհելով  հեղինակավոր կառույցների որոշումները։