Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չենք պատրաստվում աշխատավարձի, թոշակի բարձրացում անել` պարտքի հաշվին» (տեսանյութ)

Տնտեսություն
vardan-aramyan

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2016թ. տնտեսական ցուցանիշները, նշեց, որ ունեցել ենք 0,8 իրական ՀՆԱ աճ։  Նա համեմատեց այս տարվա հունվար-փետրվար ամիսները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ` նշելով` բյուջեով նախատեսված ցուցանիշներից 15 մլրդ ավելի են հարկերը հավաքագրել. «Եթե այս տեմպերով գնանք, շատ լավ կլինի։ Ամսական ծրագրից ավելի ենք հավաքագրել, սա լավ լուրն էր։ Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա տոկոսային վճարների բեռը մեր բյուջեում իջել է` 14 տոկոսից իջել է 9.6 տոկոսի»: Լինելով ՀՀԿ անդամ` նա նշեց, որ նախընտրական այս փուլում չի ուզում այս հարթակը քարոզչության նպատակներով օգտագործի, ու իր խոսքը կհնչի միշտ կոռեկտ. «Ըստ ձեզ` արդյոք մեր թիմը չունի ռացիոնալ մտածելակերպ, որ ավելի մեծ թվեր ներկայացնի քարոզարշավի ժամանակ։ 446 մլրդ դրամ մենք այսօր միայն աշխատավարձ ենք տալիս 2017թ. ցուցանիշներով։ Եթե բարձրացնենք աշխատավարձը, ապա ավելի, քան 300 մլրդ դրամի ճշգրտում` բարձրացում պետք է անենք։ Կարեւոր է ոչ միայն բարձրացումը, այլեւ հետագա տարիներին այն պահպանելը։ Մենք չենք պատրաստվում աշխատավարձի, թոշակի բարձրացում անել` պարտք վերցնելու հաշվին»:  Նախարարը չի կիսում Հրանտ Բագրատյանի այն տեսակետը, որ այս ընտրություններից հետո ստվերը կկրճատվի. ըստ նրա` միգուցե միայն դանդաղի։ Ինչ վերաբերում է պետական պարտքի կառավարմանը, ապա նախարար Արամյանը նշեց, որ նոր վարկային համաձայնագրեր առաջիկայում սպասվում են, որոնք կավելացնեն պարտքային բեռը, սակայն դա սարսափելի չէ` կա հարկաբյուջետային կոնսոլիդացիա։  Վարդան Արամյանն անդրադարձավ նաեւ տնտեսական աճի իրենց տեսլականին` ինչի հիման վրա են դա տեսնում.«Այս հարցում մեզ համար շատ կարևոր է մակրոտնտեսական կայունությունը, ինչպես նաեւ` միկրոմակարդակը` բիզնես միջավայրի բարելավում, ներդրողների հետ անմիջական աշխատանք։ Մենք ներդրումների ուղղված երկու ֆորում ենք ունեցել, որոնցով հետաքրքրված են եղել շուրջ 50 ներդրող. եթե նրանք բիզնես հնարավորություն չտեսնեին, չէին գա։ Ներդրողը նման է սպառողին, որը ցանկանում է կոստյում գնել, խանութներն էլ պատկերացնենք, որ երկրներն են։ Մենք պետք է այնպես անենք, որ սպառողը գա հենց մեր խանութից գնում անի։ Իսկ ինչպե՞ս դա անել: Ներդրողներին հետաքրքրում է մեր ֆինանսական ոլորտի հաջողությունները, օրինակ` Վրաստանից եկել էին ու հետաքրքրված էին մեր կենսաթոշակային բնագավառով։ Աշխարհն արդեն ոչ թե գլոբալիզացիայի է գնում, այլ ռեգիոնալիզացման, որը բարդացնում է ներդրումները։ Աշխարհին մենք հետաքրքիր ենք նաեւ ԵՏՄ-GSP+-Իրան տնտեսական այս համակարգերի խաչմերուկում գտնվելու առումով»: