Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ

Քաղաքականություն

Հոկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակին եւ իր գլխավորած պատվիրակությանը` ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի ուղեկցությամբ:

Ողջունելով Ֆրանսիայի նախագահին հայոց հավատի նվիրական հոգեւոր կենտրոն Սուրբ Էջմիածնում` Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության 15-րդ տարեդարձը նշանավորվեց հայ ժողովրդի բարեկամ երկրի նախագահի այցով, ինչպես նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումներով:

Ամենայն Հայոց Հայրապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, որը ոչ միայն արդարության վերականգնում էր հայ ժողովրդի հանդեպ, այլ ողջ մարդկության առջեւ: Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետը նաեւ ծանուցեց պրն. նախագահին, որ առաջիկային որոշակի փոփոխություն է արձանագրվելու Ֆրանսիայի համայնքային կյանքում, որով Ֆրանսիայում հռչակվելու է մեկ թեմ, ինչին տասնյակ տարիներ ձգտում էր Հայոց Եկեղեցին եւ հայ համայնքը:

Իր հերթին, Ֆրանսիայի նախագահը, ուրախություն հայտնելով Հայ Եկեղեցու կենտրոն այցի առիթով, իր զգացվածությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ընդունելության համար` իր հարգանքը հայտնելով Հայ Եկեղեցուն եւ Հայոց Հովվապետին: «Շատ ուրախ ենք Ֆրանսիայում թեմ ստեղծելու Ձեր որոշման համար: Լավ գիտեք, որ հայ ծագումով շատ ֆրանսիացիներ կան մեր երկրում պատմական տարբեր հանգամանքների բերումով»,- նշեց նախագահը: Ժակ Շիրակն անդրադարձավ նաեւ երկու ժողովորդների դարավոր բարեկամությանը, որը ձեւավորվել է պատմության թե' ուրախալի, թե' ողբերգական պահերին: Մասնավորապես խոսելով Ցեղասպանության մասին` Ֆրանսիայի նախագահը ասաց. «Բնական էր, որ Ֆրանսիան առաջին երկրներից մեկը լիներ` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը օրենքի միջոցով: ...Հույս ունեմ, որ նման ոճիրները դատապարտելով` դրանք ապագային նորից չեն կրկնվի»:

Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նորին Սրբությունը կարեւորեց Ֆրանսիայի եւ նրա նախագահի դերը խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում` նշելով, որ շարունակելու է ըստ ամենայնի ջանքեր գործադրել, որպեսզի բոլոր նմանօրինակ խնդիրները, եւ ի մասնավորի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, խաղաղ լուծման առաջնորդվեն Տիրոջ զորակցությամբ եւ ողորմությամբ: Իր հերթին, նախագահ Շիրակը հաստատեց, որ Ֆրանսիան փորձում է Մինսկի խմբի շրջանակներում իր աջակցությունը բերել խնդրի լուծմանը: «Պետք է կամենալ, ցանկանալ եւ հավատալ խաղաղությանը»,- նշեց նախագահ Շիրակը:

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահը գրառում կատարեց Վեհարանի հուշամատյանում, ապա Վեհափառ Հայրապետն ու բարձրաստիճան հյուրն այցելեցին Մայր Տաճար, եղան Տաճարի թանգարանում: