Երեւանի կենտրոնում շինարարության հետեւանքով տները փլվում են (տեսանյութ)
Հանրապետության նրբանցք 17 հասցեում փլուզումը Կենտրոնի կառուցապատման նոր նախագծի իրականացման արդյունք է։ Պատն ամբողջությամբ փլվել է: «Այնտեղ կոշը աշխատացնում է, շատ մեծ քարին խփում, ջարդում է, աղմուկը գալիս է ստեղ:Կարեւորը շարելն է, քանդել են իրենք, թողել են այսպես գնացել են: Ես էլ ասում եմ եկեք իմ քանդված պատը շարեք»,- ասում է Ռուդոլֆ Դաբաղյանը: Տարածքում շինարարության արդյունքում տան պատը աստիճանաբար թուլացել է եւ փլվել: Առայժմ բնակչին առաջարկել են միայն աղբը տեղափոխել: Այս տներից քիչ հեռու նախատեսվում է մոտ 90 մետր տրամագծով օղակաձեւ նոր հրապարակի կառուցում: Ըստ նախագծի՝ քանդվելու է նաեւ Ֆիրդուսի տոնավաճառը, այնտեղ կլինեն նաեւ բնակելի շենքեր, հյուրանոցներ, սպասարկման օբյեկտներ: «Մի հատ էլ կոշով խփեցին իմ տունն էլ է փլվելու: Իմ ամուսինը խոսում էր, ասում էր մի արեք 4 մետր հեռավորությամբ պետք է լինի»,- ավելացնում է Վարդուհի Բակալյանը: Չնայած այս տարածքը կառավարության որոշմամբ համարվել է գերակա հանրային շահ, սակայն բնակիչների հետ առայժմ ոչ ոք չի բանակցել եւ չեն կնքվել համապատասխան պայմանագրեր։