Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրակաշառքների մասին խոսել են բոլորը, բացի ՀՀԿ-ից. հետազոտություն (տեսանյութ)

Քաղաքականություն
media-1

Քաղաքական ուժերի մասին հիշատակումները մեդիա դաշտում  փետրվարի 15-ից մինչեւ մարտի 1-ը  եղել են միջին հաշվարկով 15-25 տոկոս: Այսպիսի  եզրակացության  է եկել «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը՝ ուսումնասիրելով մեդիա դաշտը նախաքարոզչական շրջանում. «Քանի որ խոսքը մինչեւ պաշտոնական քարոզարշավի սկսվելն է, ապա սա նորմալ ակտիվություն է,  այն դեռ կրկնակի եւ եռակի կավելանա եւ կդառնա գլխավոր թեման  հայաստանյան մեդիա դաշտում»,- նշում է կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը՝ ներկայացնելով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծավալած քարոզչական գործունեությունը 7 օնլայն ԶԼՄ հարթակում ու ֆեյսբուք սոցիալական ցանցում: Հետազոտությունը ցույց է տվել, որ անցած 2 շաբաթվա ընթացքում զգալի շատ են եղել ընտրակաշառքների մասին նյութերը. «Խոսվել են հեռախոսներ բաժանելու, նույնիսկ ամեն մարդուն 100 դոլար տալու մասին: Դրանց աղբյուրները ոչ միայն լրագրողներն են եղել կամ մարդիկ, որոնք պատմել են, թե եկան, իրենց դուռը թակեցին, առաջարկեցին, այլեւ մրցակից ուժերի ներկայացուցիչները: Ընտրակաշառքների մասին խոսել են բոլորը, բացի ՀՀԿ-ից»,- նշեց տիկին Բաղդասարյանը: Ըստ նրա, այս ընտրություններն աչքի կընկնեն նաեւ ղարաբաղյան թեմայի առավել շատ քննարկումով. «Ոչ մի ընտրության ժամանակ ղարաբաղյան թեման այսքան մանրամասն չի քննարկվել: Պատճառը այն է , որ ՕՐՕ դաշինքը եւ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը շեշտ են դրել խաղաղության եւ հարեւանների հետ բարիադրացիական  հարաբերություններ ստեղծելու  վրա»,- նշեց նա: Ֆեյսբուքյան տիրույթներում կուսակցությունների ակտիվությունն իմանալու համար կենտրոնը հարցաթերթիկ է ուղարկել 9 ուժերին, միայն ՀՎԿ-ն չի պատասխանել. «Բացի «Ելքից» մյուս բոլոր ուժերը պատասխանել են, որ օգտագործելու են քարոզչության բոլոր միջոցները: «Ելքը» նշել է, որ իրենք օգտագործելու են միայն անվճար եթերը, քանի որ ունեն գումարի խնդիր: Բոլոր ուժերը կարևոր են համարում ֆեյսբուքյան հարթակը, քանի որ, օրինակ, ՀԱԿ-ՀԺԿ-ի տեսանկյունից Ֆեյսբուքի միջոցով հնարավոր է թիրախավորել ընտրազանգվածին, ՀՀԿ-ի կարծիքով՝ այստեղ կա մեծ ընտրազանգված, ֆեյսբուքի միջոցով հնարավոր է շփման մեջ մտնել երիտասարդության, սփյուռքի հետ»: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ամենից շատ հավանումներ է հավաքել Նիկոլ Փաշինյանի էջը՝ 40.000: Րաֆֆի Հովհաննիսյանի էջը հավանողների թիվը 33.000 է, Սեյրան Օհանյանինը՝ 19.000: