Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանին պատերազմական իրավիճակի իմիտացիա է (տեսանյութ)

Քաղաքականություն
Hrant-Meliq-Shahnazaryan

Սահմանին չկա պատերազմական իրավիճակ, կա պատերազմական իրավիճակի իմիտացիա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը; Նրա խոսքերով, Ադրբեջանը չի կարող ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը: «Դրա մասին են վկայում վերջին օրերին անգամ հատուկ պատրաստվածություն ունեցողների ձախողումները: Նման հարձակման համար Ադրբեջանը մարդկային պատրաստված ռեսուրս չունի: Հետեւաբար, քանի որ չունի պոտենցիալ, փորձում է գոնե դրա իմիտացիա ստեղծել»: Քաղաքագետի խոսքերով, լարվածության պահպանման պատճառը ներքին եւ արտաքին գործոններն են: Մասնավորապես, Ադրբեջանում տեղի են ունենում իշխանական լծակների վերադասավորումներ, որի արդյունքում Մեհրիբան Ալիեւան դարձել  է երկրի առաջին փոխնախագահ: Միաժամանակ, գործընթաց է սկսվել Նախիջեւանի ղեկավար Վասիլ Թալիբովին եւս փոխնախագահ նշանակելու համար: «Այս խնդիրը լուծելու համար Նախիջեւանում պետք է սահմանադրություն փոխվի, որը երկար քաղաքական գործընթաց է: Քանի դեռ այս գործընթացը շարունակվում է, Ադրբեջանի նախագահը ստիպված է լինելու հասարակության ուշադրությունը շեղել արտաքին սպառնալիքներով»: Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքերով, Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը լուրջ քաղաքական գործոններ էր կորցրել, որը վերականգնելու համար Ալիեւի իշխանությունը փորձում է պատերազմի իմիտացիայի միջոցով ստանալ մի իրավիճակ, երբ միջնորդները եւ միջազգային հանրությունը կփորձեն հայկական կողմի հետ բանակցային գործընթացը զրոյական կետից սկսելու գործընթաց սկսել: «Այսինքն, Ալիեւը փորձում է խուսափել ապրիլյան պատերազմի հետեւանքով  քաղաքական ձախողումներից»: Սակայն իր գործողություններով Ադրբեջանը ստիպում  է հայկական կողմին ընտրություն անել դիվանագիտական եւ ռազմական ճանապարհներով հարցը լուծելու համար: «Եթե Ադրբեջանում շարունակեն լարվածությունը պահել, ես առավել քան համոզված եմ, որ ոչ Երեւանում, ոչ Ստեփանակերտում ոչ ոք չի պատրաստվում իրավիճակը երկար հանդուրժել եւ շաբաթը 1-2 զոհ ունենալ: Հետեւաբար, մենք ստիպված ենք լինելու որոշակի գործողություններ անել, եւ այդ գործողությունները արդյունավետ ավարտին հասցնելու համար պետք է պատրաստ լինել բոլոր հնարավոր սցենարային զարգացումներին»: