Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գետառի կառուցապատումը մեծագույն սխալ էր. ջրհեղեղի վտանգ կա» (տեսանյութ)

Հասարակություն
bnapahpanakan

Ձնառատ ձմեռը Հայաստանում մեծացրել է ջրհեղեղների վտանգը, որը կարող է առավել իրատեսական լինել, եթե ջերմաստիճանի կտրուկ բարձրացում լինի։ Մինչդեռ հեղեղումներից պաշտպանվածության մակարդակը չափազանց ցածր է։ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյան ընդգծում է, այս առումով առաջին մեծագույն սխալը Գետառի կառուցապատումն էր։   «Շատերն ասում էին՝ ընդամենը մի փոքր առվակ է, որին էդքան տարածք է տրված կենտրոնում։ Սակայն այդ առվակը հորդ անձրեւների եւ ձնհալի պայմաններում ներուժ ուներ մեծանալու եւ հորդառատ գետ դառնալու։ Մինչդեռ այն օգտագործվեց ճանապարհ եւ ռեստորաններ կառուցելու համար»։ Կարինե Դանիելյանը հիշեցնում է 1946-ի Երեւանի ջրհեղեղը, որից հետո ոչ միայն որոշվեց մեծացնելու Գետառի հունը, այլեւ Երեւանից դուրս կառուցվեց 2 սելավընդունիչ, որտեղ պիտի կուտակվեր սարերից դեպի քաղաք հոսող հորդառատ ջուրը։ «Այդ 2 սելավընդունիչները կիսով չափ կառուցապատվեցին, կիսով չափ շինարարական աղբով լցվեցին»։ Իրավիճակը բարդացնում է նաեւ աղբով լցված քաղաքի դրենաժային համակարգը, որի տարողունակությունը, անգամ բաց ու մաքուր լինելու դեպքում, չի բավարարի Երեւանին, քանի որ կառուցվել է փոքր քաղաքի համար։ »Պատահական չէ, որ ուժեղ անձրեւների դեպքում գետնանցումները ջրի տակ են անցնում, իսկ գետառի կողքից գետ է հոսում։  Ցեխոտ լիքը գետը գալիս՝ լցվում է համալսարանի բակ»: Ջրօդերեւութաբան Թրահել Վարդանյանի խոսքերով, եթե Երեւանից բարձր գտնվող հարեւան բնակավայրերից ու սարերից ձյունը հալվի եւ տեղափոխվի Երեւան, ապա բանուկ մասում լուրջ խնդիր կառաջանա, քանի որ դիտահորերը ամբողջությամբ ծածկված են սառույցով, դրանք  փակ են։ Հնարավոր հեղեղումների հետեւանքները կարող են ավելի լուրջ խնդիրների պատճառ դառնալ, քանի որ Հայաստանում 21 պոչամբար կա,  որոնք լցված են ծանր մետաղներով եւ թունավոր նյութերով։ «Երբ Դաստակերտի պոչամբարը քանդվեց, ամբողջ թույնը բերեց՝ լցրեց խմելու ջրի ջրամբարը եւ բավական մեծ թվով մարդիկ թունավորվեցին»,-ասաց Կ. Դանիելյանը: Խնդիրը քննարկվել է բնապահպանության նախարարությունում։ Որոշվել է աշխատանքային խումբ  ստեղծել։ Հիմա հարցն այն է՝ միջոցառումներ ձեռնարկել մինչեւ ձնհալը կսկսվի՞, թե՞ ռազմավարական ծրագիր մշակել, որի մեջ պետք է ներառվեն նաեւ հանրապետության մյուս քաղաքները, որտեղ նույնպես նման վտանգ կարող է լինել։