Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանիքի զոհերը (տեսանյութ)

Հասարակություն
nkar

Մարիաննան ժամանակից շուտ է մեծացել։   Դժվարությունները նա սկսել է զգալ դեռ այն ժամանակ, երբ իր հասակակիցները տիկնիկներով էին խաղում։ Հիմա  16-ամյա  աղջիկն  անցյալով է խոսում այն ամենի մասին, ինչն այսօր իր ապագան պետք է լիներ։ «Երբ 14 տարեկան էի, ուզում էի դպրոցն ավարտել ու գնալ երաժշտական ուսումնարան, որ երգչուհի դառնամ»,-ասում է Մարիաննան։ nkar3 14  տարեկանում նրան կնության են տվել, ուղարկել Մոսկվա։ Մարիաննան մինչ այդ չի ճանաչել իր ապագա ամուսնուն։ Պարզվել է՝ տղամարդը միաժամանակ մի քանի կին ունի։ Հիմա նա չի ուզում հիշել իր կարճ ամուսնական կյանքն ու  շարունակական բռնությունները, որոնք   ոչ  միայն ամուսնու ընտանիքում էին, այլեւ  հայրական, երբ վերադարձավ։ «Հոպարս հելավ հայհոյանք տվեց ինձ, հետո մազերս քաշեց-բրդեց գետին։ Ես ընկա։ Հետո ոտով մեջքիս խփեց 2 անգամ, բոքսով խփեց գլխիս։ Ես ասում էի օգնեցեք։ Ախպորս ասում էի՝ օգնի ինձ, փրկի էս մարդասպանից։ Օգնեցին, ազատեցին։ Մի կերպ փախա գնացի, էլ չկարողացա դիմանամ»։ Մարիաննան նստել է երթուղային տաքսի եւ ուղիղ՝ ոստիկանական բաժանմունք։ Լսելով նրան՝ ոստիկաններն առաջարկել են տեղափոխվել «Երեխաների աջակցման կենտրոն», աղջիկը համաձայնել է։ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցման կենտրոնի» տնօրեն Միրա Անտոնյանն ասում է. «Ծնողներն ուրախ չեն, որ նա հետ է վերադարձել, ավելին, երեխայի փորձերը՝ շփվել հասակակիցների հետ, սվիններով են ընդունում տանը։ Ամեն էդ տեսակ փորձ ավարտվում է բռնություններով, կապտուկներով,  անարգանքով»։ film-nkar-1 Մարիաննան ասում է՝ երբ տխուր է, երգում է, երբ  ուրախ, նորից է երգում։ Բայց վերջին երկու տարվա դժվարություններից հետո նա փորձում է այնպես երգել, որ չլսեն իրեն։ Միանգամից մեծացած աղջիկը  չի ուզում  լսել ընտանիք վերադառնալու մասին։ «Ես չեմ ուզում իրենց անունը լսել, ոչ էլ ուզում եմ իմանամ՝ իրենք կան»։ «Չեմ կարա ներկայացնեմ իմ պատմությունը, քանի որ դրանց եւս մեկ անգամ անդրադառնալով՝ դու դրանք նորից վերապրում ես։ Ես ցանկություն չունեմ դրանք եւս մեկ անգամ վերապրելու։ Փորձում եմ անցյալի ստվերները մոռանալ»,-ասում է 14-ամյա Արտյոմը։ Անցյալում, որի մասին Արտյոմը հիմա չի ուզում խոսել,  կասկածելի զբաղմունք ունեցող մայրն էր, փողոցում մնացած միայնակ անչափահասի անվերջանալի կռիվներն էին ու ծեծերը, ավտոլվացման կետերում սառնամանիքին աշխատանքը, որի դիմաց երբեմն չէին էլ վճարում։ Արտյոմին կենտրոն են բերել ոստիկանության աշխատակիցները։ «Ավազը շատ բան է բացահայտում, առանց իմանալու մասնակցում ես ավազաթերապիային, վերջում պարզվում է, որ սցենարները, որ դու պատկերում ես, բացահայտում են քո նպատակները, քո ապագայի հետ են կապված կամ անցյալի։ Ու ստացվում է, որ գլխավոր դերում դու ես»։ Հոգեբանի սենյակը հիմա Արտյոմի ամենասիրելի վայրն է։ Խոստովանում է, երբ նոր էր հայտնվել կենտրոնում, հույս չուներ, որ իրեն ստեղծված իրավիճակից հնարավոր կլինի հանել։ nkar4 17 տարի  գործող կենտրոն  առաջին տարիներին տեղափոխվում էին մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաները։ 2005-ից  հետո կենտրոնն արդեն իր հարկի տակ հիմնականում վերցնում է  այն երեխաներին, որոնք խնդիրներ ունեն ընտանիքում։  Տարեկան մոտ 200 երեխա է աջակցություն ստանում այստեղ։ «Երբ մեծերը չեն կարողանում իրենց խնդիրը լուծել, լինի աշխատանք չունենալը կամ կողակցի հետ հարաբերությունները պարզելը, կամ ընդհանրապես, կյանքի իմաստը գտնելը, տուժում են երեխաները։ Մեծերը վիճում են, արդյունքում, այդ վեճերը երեխաներին վանում են տնից, ու մի օր ասում ենք՝ ոնց եղավ, որ երեխան ձեռքից գնաց»,- ասում է Միրա Անտոնյանը։ Ներկայացված դեպքերից եւ ոչ մեկը թրաֆիքինգի դեպք չէ։ Նրանք պարզապես անբարենպաստ ընտանիքներից են։ Վերջին անգամ անչափահասին թրաֆիքինգի մեջ ներգրավելու դեպք Հայաստանում արձանագրվել է 2015 թ-ին, արտահայտվել է անչափահասին  մուրացկանության մեջ ներգրավելով։ Հարուցված քրեական գործը ներկայումս գտնվում է դատական փուլում։ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի՝ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Արտյոմ Պողոսյանն ընդգծում է, երբ գումարը ամբողջությամբ վերցնում են, այստեղ կա շահագործում։ «Իսկ եթե ընտանիքի կարիքներից ելնելով՝ մուրացկանությամբ են զբաղվում, օրվա հացի խնդիր լուծելու համար, սա պարզ մուրացկանություն է եւ թրաֆիքինգը բացակայում է»։ untitled Անչափահասի շահագործումը կամ թրաֆիքինգի ենթարկումը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին եւ նախատեսում է մինչեւ 12 տարի ազատազրկում։ «Հիմնականում շահագործման ենթարկողների՝ թրաֆիկյորների մեջ ներկա են լինում ծնողները, կամ խորթ ծնողները, նրանք ոչ բարենպաստ ընտանիքներից  են, որոնք շահագործում են երեխայի աշխատանքը»։ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանն ընդգծում է, որ ծնողները մասամբ հիմնավորում են, թե մուրացիկության խնդիրը սոցիալական վիճակն է, ու երեխաները աշխատելով փորձում են նպաստել այդ խնդիրների լուծմանը։ «Սակայն ես ՝ որպես պատասխանատու, ուզում եմ շեշտել, որ դա հիմնական խնդիրը չէ, այստեղ առկա են ծնողավարման հմտությունների պակասը, ընտանիքում կոնֆլիկտները, շրջապատի սխալ ընկալումը»։ nkar5 Ներկայումս Հայաստանում կա 37 մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխա, որոնցից 21-ը երեւանաբնակ են։ Դեռ 1 տարի առաջ Երեւանում կար 11 մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխա։ Այն,  որ նրանց թիվը կրկնապատկվեց մեկ տարվա ընթացքում, քաղաքապետարանում  գիշերօթիկ հաստատության փակմամբ են բացատրում։ Իդա Խաչատրյանն ընդգծում է՝ մինչ դրանք փակելը, պետք է ստեղծվեին ծառայություն մատուցող հաստատություններ։ «Երեւանում մեր բաժինը մնացել է խնդրի առջեւ մեն- մենակ։  Հրատապ խնդիր ունենալու դեպքում մենք խնդիր ենք ունենում այդ երեխաներին տեղավորելու»։ Երեվանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների աշխատակիցները պարբերաբար թե՛ միանվագ գումար են վճարում, թե՛ սննդի ու հագուստի փաթեթներ տրամադրում, թե՛ խորհրդատվական զրույցներ են ունենում փողոցում հայտնված երեխաների ու նրանց ծնողների հետ։ Այնուհանդերձ, արդյունք, ասում են՝  չկա, քանի որ այդ երեխաները որերորդ անգամ հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում։ «Այս երեխաների մեծամասնությունը ոչ թե հիմնականում զբաղվում է թափառաշրջիկությամբ եւ մուրացիկությամբ, այլ անձեռոցիկ, մոմ են վաճառում, ավտոկանգառում  ապօրինի աշխատում են։ Այսինքն՝ իրենք գումար են վաստանում, իրենք հարց են լուծում։ Մենք երեխա ունենք, որ օգնում է մայրիկին գաղութում գտնվող խորթ հորը սննդի փաթեթ ուղարկելու համար»։ nkar2 Մեկ ու կես  տարի առաջ 6-ամյա Կարենն ու իր քույրերը՝  Էլենն ու Լիլիթը, ոչ միայն խաղալիքի, այլեւ տաք ուտեստ եւ անկողին ունենալու մասին  մտածել անգամ չէին կարող։ Երեք եւ չորս տարեկան աղջիկները չեն խոսում, խոսքի զարգացման խնդիրներ ունեն։ Հարազատները նրանց ստիպել են մուրացկանությամբ զբաղվել։ «Կենդանու նման էին ապրում այդ երեխաները, ինչպես կպահեին շան ձագերին, ընտանի կենդանիներին գոնե պայմաններ են ստեղծում տաք, կերակրում են, իսկ այս երեխաները զուրկ էին որեւէ խմամքից»,-պատմում է Մ. Անտոնյանը։ Քաղաքապետարանում նաեւ  Կարենի ու իր քույրերի խնդրին են ծանոթ։  Լուծումն ասում են մեկն է՝ մորը պետք է զրկել ծնողական իրավունքներից։ Նման դեպքերը հաճախակի չեն. 3 տարվա ընթացքում 4 նման դեպք է եղել։ Նման միջոցի ծայրահեղ դեպքում են դիմում։ «Որքան էլ մոր հետ բացատրական աշխատանքներ տարվեն՝ դա ոչինչ չի տալու, եթե մայրը չի զբաղվում իր երեխաների դաստիարակությամբ,  խոսելն անիմաստ է։ Երեխաները պետք է բուժզննում անցնեն՝ հասկանալու համար, ինչ առողջական խնդիրներ ունեն, քանի որ ինչով ասես սնվել են, ինչ կյանք ասես վարել են»,-նշում է Իդա Խաչատրյանը։ Երեխաների աջակցման կենտրոնում տարեկան մոտավորապես 40 երեխայի ճակատագիր անորոշ է մնում, քանի որ վերադարձը հարազատների մոտ հուսալի չի լինում։ Այստեղ եւս արդեն չեն կասկածում՝ այս երեխաների համար հարազատների մոտ վերադարձը վտանգավոր է։ Այնուամենայնիվ, հույս ունեն՝ գուցե հնարավոր լինի նրանց համար էլ գտնել խնամատար ընտանիք։