Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը՝ գործիք ընդդիմության դեմ (տեսանյութ)

Քաղաքականություն
sakunc

Քաղաքական ընդդիմության ու ակտիվիստների համար 2016 թվականը հետապնդումների տարի է եղել։ «Չկար որևիցե հիմք Գևորգ Սաֆարյանին մեղադրանք առաջադրելու՝ իբր ոստիկանության աշխատողների նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Ակնհայտ քաղաքական հետապնդում էր Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական գործի հարուցում՝ իբր թե  զենքի ձեռքբերմանն օժանդակելու մեջ։ Ակնհայտ քաղաքական հետապնդում եմ համարում Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ գործողությունները և քրեական գործը», ֊ «Ա1+»-֊ի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ ՀՔԱՎ-ը խոշորացույցի տակ է պահել անցած տարի իրավապահների գործելակերպը։ Ոստիկանությունը հաճախ  գործել է օրենքից դուրս։ Քաղաքացիական ու ծառայողական հագուստով ծառայողները բռնություններ են կիրառել քաղաքական հավաքների մասնակիցների նկատմամբ։ Արթուր Սաքունցը նշում է. «Ոստիկանությունն օգտագործվում է իշխանության կողմից որպես քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ հետապնդման գործիք: Քաղաքական ընդդիմադիրների դեմ որպես գործիք օգտագործելու հանգամանքը որոշիչ է դառնում, որ այդ գործիքը մնա անպատիժ և մնացած խախտումներում էլ մնա անպատիժ, որպեսզի ինքը լավ ծառայի»։ Անցած ամառ Սարի թաղում ոստիկանները զանգվածային բռնություն կիրառեցին հավաքի մասնակիցների նկատմամբ, բռնությունը շարունակվեց նաև բերման ենթարկելիս՝ ոստիկանական մեքենաներում և բաժանմունքներում։ Բայց առավել ցավալի է մեկ հանգամանք՝ քաղաքացիներն անպաշտպան են իրավունքի խախտումները վերականգնելու հարցում։ «Դատական իշխանությունը նույնպես լուրջ խնդիրներ ունի, քանի որ քաղաքական զգայուն թեմաներով կամ քաղաքական ենթատեքստ ունեցող թեմաներով դատարանները հանդես են գալիս որպես քաղաքական իշխանության շահերը պաշտպանողներ և նոտարական վավերացնողները մեղադրանքների»,- ասում է իրավապաշտպանը։ Քաղաքացիներն սկսում են կորցնել վստահությունը ոստիկանության նկատմամբ, ինչն առավել քան բնական է այս ֆոնին։ «Դա բավականին լուրջ խնդիր է, էդ կառույցը սկսում է լեգիտիմությունը կորցնել և եթե այդպես գնա, բնական է՝ կսկսի նվազել։ Ծայրահեղ սցենարներից մեկը կարող  է լինել 90-կաննների սկզբի քաղաքացի-ոստիկան հարաբերությունները, որոնք բավականին բացական էին», ֊ասում է փորձագետ Ռուբեն Սարգսյանը։ 2016-ի բռնության ամբողջական խրոնիկան ներկայացված է «Անպատիժ ոճիր» ֆիլմում։  Հեղինակ Թեհմինե Ենոքյանին վերնագիր ընտրելիս ոգեշնչել է Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» աշխատանքը։ «Ֆիլմում ներառված են 60-ից ավելի բռնության ենթարկված քաղաքացիների պատմություններ, որոնք այս ընթացքում իրենց մարմնին կրել են լուրջ վնասվածքներ և ունեցել են երկարատև խնդիրներ հիվանդանոցներում», ֊ասում է նա։ Լրագրողը իրավապահ մարմինների աշխատանքը բնութագրող մի պատկերի է հանդիպել։ Ոստիկանի նկատմամբ կիրառված բռնության դեպքերն իրավական գնահատականի են արժանաննում, բայց գործն անգամ դատարան չի հասնում, եթե խոսք է գնում ոստիկանի կողմից քաղաքացու իրավունքների ոտնահարման մասին։