26-ամյա բնակչուհին կախվել է անասնագոմի առաստաղից

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարզի 26-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ։

Երիտասարդ կնոջ մահվան մասին հաղորդումն ստացվել է փետրվարի 3-ին. Ներքին Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայից ստացված ահազանգի համաձայն՝ Ագարակավան գյուղի 26-ամյա բնակչուհին կախվել է։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։

Նախնական տվյալներով՝ Արագածոտնի մարզի 26-ամյա բնակչուհին 2017թ. փետրվարի 3-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան հարևանությամբ գտնվող անասնագոմի առաստաղի տախտակից հակի թելով կախվելու միջոցով։

Դեպքի առթիվ փետրվարի 7-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդ կնոջ ինքնասպանություն գործելու հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու  ուղղությամբ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին