Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հյուսիս-հարավ»-ից այգիների դիմաց գումար ստացողները լքում են երկիրը (տեսանյութ)

Քաղաքականություն
as1

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպությունը՝  «Տապան»  էկո ակումբի, «Թռչնասերների կենտրոնի» և Հայկական բուսաբանական ընկերության հետ համատեղ հանդես է գալիս կոչով՝ ուղղված կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչներին. «Լսում ենք կուսակցություններին, դաշինքներին, որոնք ամեն ինչի մասին խոսում են, սակայն էկոլոգիական որևէ խնդրի մասին որևէ նախադասություն չենք լսել: Սա մեզ դրդեց, որպեսզի մենք կոչով հանդես գանք՝ ներկայացնելով էկոլոգիական այն խնդիրները, որոնք օրհասական ենք համարում: Ուզում ենք, որ իրենք դրանց լուծման իրենց ծրագիրը ներկայացնեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր մեծ քայլերով գնում է դեպի խորը էկոլոգիական ճգնաժամ:  «Մեր ամենամեծ մտահոգությունը հանքարդյունաբերության արագ զարգացումն է, որի արդյունքում մենք զրկվում ենք բնական ռեսուրսներից, երկիրը ծածկում ենք պոչամբարներով, ինչը խիստ վնասում է միջավայրը և մարդկանց առողջությունը, վնասում է գյուղատնտեսության և տուրիզմի զարգացումը»,-նշեց տիկին Դանիելյանը՝ հավելելով, որ էկոլոգիական հաջորդ կարևոր խնդիրը արարատյան արտեզյան ավազանի անխնա շահագործումն է. «Այնպիսի վնաս ենք տվել այդ ռեսուրսին, որ այդ ավազանի ջրերը մինչև 15 մետր իջել են»: Բանախոսն անդրադարձավ նաև կլիմայի փոփոխությանը՝ նշելով, որ եղանակն այսօր անկանխատեսելի է դարձել. «Երևանն ունի երկու սելավատար, որոնք շինարարական աղբով են լցված: Եթե հանկարծ ձնհալ եղավ, սելավն անխուսափելի է»: Ասուլիսին ներկա՝ «Տապան»  էկո ակումբի տնօրեն Հրանտ Սարգսյանն էլ  ներկայացրեց իր մտահոգությունները՝ կապված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների արգելքի օրենքի հետ: Նրա խոսքով՝ երկու տարի շարունակ ԱԺ-ն այդպես էլ չկարողացավ օրենքն ընդունել. «Երևի պատգամավորների ինչ-որ մի խումբ կա,  որ ըննդիմանում են այդ օրենքին»,-ասաց նա: Քննարկման մյուս բանախոս՝ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանն էլ անդրադարձավ էկոմիգրացիային՝ նշելով, որ դրան նպաստում է ոչ միայն հանքարդյունաբերությունը, այլև ճանապարհաշինարարությունը. «Մենք ուսումնասիրել ենք Հյուսիս-Հարավ ծրագրի գործընթացը: Այն մարդիկ, որ իրենց այգիների, հողերի դիմաց գումար են ստանում, լքում են երկիրը, որովհետև այլ տեղում նմանատիպ այգի չեն կարողանում գնել»: