Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶՈՐԱՀԱՆԴԵՍ. 7 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՉ ՄԻ ՆՈՐ ՏԵԽՆԻԿԱ

Հասարակություն

Այսօր ՀՀ ղեկավարությունը անկախության տոնակարատարությունը սկսեց զորահանդեսով: Վերջին զորահանդեսը 1999 թվականին էր, երբ ամբիոնում էին ԱԺ-ի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: Այս թիմն այսօր փոխարինված էր Ռոբերտ Քոչարյանով ու պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանով:

7 տարի անց Հայաստանի Զինված Ուժերը ոչ մի նոր բան չցուցադրեցին: Ավելին, ի տարբերություն նախորդ՝ 1999 թվականի զորահանդեսի, այս անգամ թրթուրավոր ծանր հրետանին չէր բերվել Հանրապետության հրապարակ. ինչպես նաեւ ընդհանրապես ցուցադրված զորատեսակների քանակն էր նվազել. ավելացել էր միայն ՍՈՒ 25 ինքնաթիռների քանակը. նախորդում 5-ն էին, այսօր 10-ը: 1999 թվականի զորահանդեսի մասնակից սպաներից մեկը մեզ հետ զրույցում դիպուկ նկատեց, ավելացել է 2 հատ «ՋԻՊ», ուրիշ ոչինչ:

Զինվորների շարային քայլքի հատվածը կարելի է ստացված համարել: Զորահանդեսին մասնակցում էին նաեւ ԼՂՀ զորամիավորումները:

Պաշտպանության նախարարը ողջունելով սպայակազմին եւ զինվորներին, մոտեցավ ամբիոնին եւ զեկուցեց Ռոբերտ Քոչարյանին, սակայն ելույթ չունեցավ. չդիմեց ժողովրդին, ինչպես դա արվել էր 1996 եւ 1999 թվականների զորահանդեսների ժամանակ, երբ ելույթ էին ունենում պաշտպանության նախարարները՝ Վազգեն Սարգսյանը եւ Վաղարշակ Հարությունյանը:

Այսօր ելույթ ունեցավ Ռոբերտ Քոչարյանը, որն անդրադառնալով 15 -ամյա պետականության արմատներին, հիշեցրեց ցուրտ ու մութ տարիները եւ այդ տարիներում անկախության ամենամեծ ձեռքբերումը՝ բանակի կայացման փաստը. «Բարձր էր մեր ժողովրդի ոգին, եւ մեծ էր ցանկությունը հաղթահարել բոլոր դժվարությունները` հանուն ազատության եւ արժանապատվության։ Այդ ոգին պատերազմի կրակի մեջ ծնեց հերոսներ եւ ձեւավորեց բանակ, որն այսօր մեր հպարտությունն է։ Հայաստանի Զինված Ուժերը հուսալի պաշտպանն են համայն հայության Հայրենիքի։ Հայաստանի Հանրապետությունը մեծագույն նվաճումն է, որ վաստակվել է սերունդների նպատակաուղղված ջանքերի շնորհիվ»:

Իր ելույթի հիմնական մասը Ռոբերտ Քոչարյանը նվիրեց այսօրվա Հայաստանի նվաճումներին, տնտեսական երկնիշ աճին, շինարարության ծավալների մեծացմանը, սփյուռքի հետ կապերի ամրապնդմանը.«Այսօր Հայաստանը կայուն զարգացող երկիր է։ Հաջողությամբ իրականացվում են բարեփոխումները բոլոր բնագավառներում: Տնտեսական աճի բարձր տեմպերը Հայաստանը դարձնում են նոր՝ ավելի լայն հնարավորությունների երկիր։ Իրականացվում են ռազմավարական ծրագրեր, որոնք ուղղված են մեր երկրի եւ ժողովրդի համակողմանի առաջընթացին եւ հատկապես սոցիալական խնդիրների լուծմանը։ Պետությունն իր գերակա խնդիրների շարքում է դասել աղքատության հաղթահարումը, կյանքի նոր որակի ապահովումը, երկրի ողջ տարածքի համաչափ զարգացումը»,- ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում խոսեց արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի դերի ու նշանակության մասին. «Արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի իրեն դրսեւորել է որպես կայուն, վստահելի եւ կանխատեսելի գործընկեր: Մենք հաջողությամբ խորացնում ենք երկրի միջազգային ներգրավվածությունը` պահպանելով եւ ամրապնդելով ավանդական կապերը:

Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի կարգավորումը մնում է գերակա խնդիր: Այն կարող է հիմնված լինել միմիայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ հարգման վրա: Ոչինչ չպետք է սպառնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը եւ կայուն զարգացմանը»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Ի դեպ, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը ողջունելով զորահանդեսի մասնակիցներին, իրենց խոսքում օգտագործում էին անկախության «15-րդ տարելից» տերմինը. (Բանասեր Սերժ Սարգսյանը հավանաբար պետք է տարբերեր տարելիցը տարեդարձից. հուսանք, որ չի տարբերել, այլապես կնշանակի, որ նրանց համար Հայաստանի Հանրապետության անկախության 15 -ամյա հոբելյանական տարեդարձը «տարելից է» ընկալվում-խմբ):

Ինչ վերաբերում է զորահանդեսի կազմակերպչական մասին, ապա զորահանդեսի «հրամանատարները» Նախագահականի անվտանգության ծառայությունն էր, որը խիստ էր հոգում Քոչարյանի անվտանգությունը, եւ անգամ հրավիրված հյուրերին՝ հրավիրատոմսերը ձեռքին, թույլ չէին տալիս մոտենալ ամբիոնին:

«Վախեցած ապրում են, ձեզ ինչի՞ պետք է ներս թողեն»,- մեր վրդովված փորձերին՝ կանգնել գոնե այնպիսի տեղ, որտեղից ինչ-որ բան հնարավոր լինել տեսնել, պատասխանեց բազմավաստակ մի գնդապետ՝ մեդալները կրծքին: Նրան եւս «նախագահական պաշտպանները» թույլ չէին տվել մտնել ներս եւ զբաղեցնել իրեն վայել տեղ: «Խազեինի ու վարորդի դար է, ի՞նչ ասես»,- ասաց գործող բանակի գործող գնդապետը, տեսնելով, թե ինչպես են բոլոր հասարակ մահկանացուների համար փակ ճանապարհները բացվում թիկնապահների, նրանց ընկեր-ընկերուհիների, երեխաների ու ծանոթների առաջ: Ընդհանրապես վրդովված էին զորահանդեսը նայելու համար քաղաքի տարբեր վայրերից, անգամ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած սփյուռքահայերը,որոնք իրենց էին մեղադրում, որ եկել են հրապարակ, փոխարենը հեռուստատեսությամբ զորահանդեսին հետեւելու:

1 ժամ տեւած զորահանդեսից հետո պաշտոնյաները՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, առանց լրագրողների հետ շփվելու, հեռացան Հանրապետության հրապարակից: