Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեխաներն ապրում էին մաուգլիների նման» (տեսանյութ)

Հասարակություն
kids-1

Մեկ ու կես  տարի առաջ 6-ամյա Կարենն ու իր քույրերը՝  Էլենն ու Լիլիթը, ոչ միայն խաղալիքի, այլեւ տաք ուտեստ եւ անկողին ունենալու մասին  մտածել անգամ չէին կարող։ «Կենդանու նման էին ապրում այդ երեխաները, ինչպես կպահեին շան ձագերին։ Ընտանի կենդանիներին գոնե պայմաններ են ստեղծում, կերակրում են, իսկ այս երեխաները զուրկ էին որեւէ խնամքից։ Այս երեխաները ապրում են մաուգլիների նման»,- ասում է ՀՕՖ-ի «Երեխաների աջակցման կենտրոնի» տնօրեն Միրա Անտոնյանը։ Երեխաները հիմա գտնվում են այս կենտրոնում։ Երեք եւ չորս տարեկան աղջիկները չեն խոսում, խոսքի զարգացման խնդիրներ ունեն։ Հարազատները նրանց պարզապես շահագործել են։  Տատիկն ու պապիկը  ստիպել են մուրացկանությամբ զբաղվել։  Ընտանիքը ապրել է Երեւանի ՋԷԿ-ին հարող տարածքում՝  կիսակառույց շինության մեջ։ «Երեխաներն ապրում են աղքատության մշակույթի պայմաններում, ոչ թե աղքատության մեջ , այլ աղքատության մշակույթի պայմաններում, երբ չորս կողմը նույնիսկ մարդ չկա ապրող։ Աղքատ են ոչ միայն տնտեսապես, աղքատ են նաեւ շփումներում, դպրոց չկա, մանկապարտեզ չկա»,- ասում է Միրա Անտոնյանը ։ Կենտրոնը, որ գործում է արդեն 17 տարի, առաջին տարիներին տեղափոխվում էին մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաները։ 2005-ից  հետո կենտրոնն արդեն իր հարկի տակ է հիմնականում վերցնում այն երեխաներին, որոնք խնդիրներ ունեն ընտանիքում։  Տարեկան մոտ 200 երեխա է աջակցություն ստանում կենտրոնում։  Նրանց մի մասին կենտրոն են բերում ոստիկանության աշխատակիցները։ «Նման ռիսկային իրավիճակներում, երբ երեխան ավելի շատ դրսում է անցկացնում, քան տանը, եւ հետզհետե թուլանում է հարազատների հետ կապը, շատ մեծ  է ռիսկը, որ ի վերջո փողոցը կուլ կտա նրանց։ Ոչ ճիշտ միջավայրը կգայթակղի ու կտանի այդ երեխաներին։ Սա է պատճառը, որ տեսնում են դեռահաս աղջիկների, որ տարբեր ակումբներում պարում են»։ Երբ երեխան հայտնվում է  Կենտրոնում, հաջորդ քայլը նրանց հարազատներին գտնելն է։  Հիմնականում աջակցություն ստանալուց հետո երեխան վերադարձվում է հարազատաներին։ Բայց տարեկան մոտավորապես 40 երեխայի ճակատագիր անորոշ է մնում, քանի որ վերադարձը հարազատների մոտ հուսալի չի լինում։ Կարենի, Էլենի եւ Լիլիթի համար էլ հարազատների մոտ վերադառնալը կենտրոնում վտանգավոր են համարում։ Այստեղ հույս ունեն նրանց համար գտնել խնամատար ընտանիք։