Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» դաշինքով 1 տեղ կարող է ունենալ ԱԺ-ում. Ս. Սաֆարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
styopa-1

«Չէի ցանկանա նախքան վերջնական որոշում կայացնելը, կուսակցությունների հետ իմ հանդիպում-քննարկումների մասին գրվեր ԶԼՄ-ներում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով «Ազատ Դեմոկրատների» և «Ելքի» ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումներին: Նրա խոսքով՝ թե ինքը, թե վերջերս  «Ժառանգությունից» դուրս եկած Անահիտ Բախշյանը ստացել են  «Ազատ Դեմոկրատներից» հրավեր, բայց առայժմ որոշում չեն կայացրել. «Այնպես չէ, որ ես լուրջ մտածելու և ծանրութեթև անելու բան չունեմ: Թե ես, թե տիկին Բախշյանը  դեռևս դիտարկում ենք առաջարկը»,-ասաց Սաֆարյանը: Հարցին, թե ինչ կարող է առաջարկել «Ազատ Դեմոկրատները», որ չի կարող տալ «Ժառանգությունը», քաղաքագետը պատասխանեց. «Խաչատուր Քոքոբելյանն ունի որոշում միայնակ՝ իր կուսակցությունով և անգամ  ոչ կուսակցական հանրային դեմքերի հետ դաշինքով մասնակցություն ունենալ ընտրություններին, մինչդեռ վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ «Ժառանգությունում», առավելապես հակված են դաշինքով հանդես գալու: «Ժառանգության» այն վեճը, որ դուք տեսնում եք հիմա, գոյություն է ունեցել դեռևս 2013-ին: Այն ժամանակ էլ կուսակցության մի թևը, որը մեծամասնություն էր կազմում, կարծում էր, որ հանուն իշխանափոխության կարելի է դաշինքի մտնել ցանկացած ուժի հետ կամ գնալ ցանկացած եղանակի: Գաղտնիք չէ, որ հենց այդ շրջանում ես և Անահիտ Բախշյանը եղել ենք այդ մոտեցմանը դեմ: Այդ ժամանակ դա քառյակի ֆորմատն էր: Գրեթե չորս տարի է անցել, բայց  «Ժառանգությունում» նույն վիճակն է: Ես  չեմ կարող ինձ տեսնել ոչ գաղափարախոսական դաշինքում:  Իշխանափոխությունը գաղափար չէ, նպատակ է, և զուտ մեկ նպատակի շուրջ իշխանափոխություն ակնկալել, երբ անհայտ են այդ գործընթացի հաջողության շանսերը, երբ գիտես, որ դաշինքները անկայուն են լինում, չես կարող լինել այդ դաշտում: Չեմ հավատում, որ այդ դաշինքները,  որոնք դիտարկում է  «Ժառանգությունը», իշխանափոխություն են անելու, անգամ այդ դաշինքների առանցքային դեմքերը չեն խոսում այդ մասին»,-ասաց պարոն Սաֆարյանը: Նրա խոսքով՝ դաշինքով առնվազն մեկ տեղ կարելի է ունենալ խորհրդարանում. «Եթե մեկ տեղի գնով կարելի է տարալուծել և վերացնել կուսակցության անունը խորհրդարանում, ապա դա այն տեսլականը չէ, որը ես կցանկանայի»: