Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

IDeA հիմնադրամի աջակցությամբ Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ

Կարևոր լուրեր Հասարակություն
siria-3

IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակներում մինչ օրս Հալեպից Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ։ «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությանը  Հայաստան տեղափոխվելու ցանկություն է հայտնել եւս 18 հոգի: Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր սիրիահայերի աջակցության նպատակով 250 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու մասին: Այս ֆինանսական հատկացումը բաշխվում է չորս գործընկերների՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) հասարակական կազմակերպության, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության  եւ «Repat Armenia» հիմնադրամի միջեւ` հետեւյալ ուղղություններով ծրագրերի մշակման եւ իրագործման համար.

  • աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);
  • աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);
  • աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ»);
  • աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):
«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում սիրիահայերի կարիքների գնահատման նպատակով «Առաքելություն Հայաստան» եւ Repat Armenia կազմակերպություններն անցկացրել են քննարկումներ, մշակել ծրագրեր, որոնց մեկնարկը կտրվի 2017թ.-ի հունվարին: IDeA-ի տրամադրած միջոցներով «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը 2017 թ. հունվարից կսկսի հոգալ Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար բնակարանների վարձակալության ծախսերը: Սիրիահայերին աջակցելու IDeA հիմնադրամի կոչին միացել են տարբեր կազմակերպություններ եւ անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմում է 10 միլիոն 784 հազար դրամ: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դրամական աջակցություն ցուցաբերել ՀԲԸՄ-ին, «Առաքելություն Հայաստան», «Հալէպ» եւ Repat Armenia կազմակերպություններին, կարող են նրանց հաշվեհամարներին վերաբերող տեղեկատվությունը գտնել այս հղումով: Կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման եւ այլ առաջարկները կարող եք ուղղել [email protected] էլ. փոստով կամ +374 (0) 60 700801 հեռախոսահամարով: