Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նուբարաշեն»-ը ոչ թե ուղղիչ, այլ պատժիչ ՔԿՀ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
helsinkyan

«Հատակը թաց է, խցերից դուրս եկող ջրային հոսքեր կան, դա նշանակում է, որ խցերում էլ կա ջուր: Պատկերացնում եք, կալանավորի սենյակը բետոնի հատակ է եւ թաց է: Եթե չլինի լրացուցիչ ջեռուցում , որը հնարավորություն կստեղծի քիչ թե շատ չորացնել, դա նշանակում է, որ կալանավորը գտնվում է ջրային միջավայրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը: Նա  այս ամենին ականատես է եղել, քանի որ իր պաշտպանյալը չի կարողանում տեղաշարժվել եւ ինքը մտնում է նրա խուց: Խոստովանում է՝ ՔԿՀ մտնելուց առաջ էլ ալերգիայի  դեմ դեղահաբ է ընդունում.  « Դուրս ես գալիս ամբողջությամբ այտուցված ես լինում միջատների խայթոցից:  Խայտառակ վիճակ է, իսկ կալանավորներն այնտեղ պահվում են 24 ժամ,  տարին 12 ամիս» Ըստ պաշտպանի՝Նուբարաշեն ՔԿՀ-ում   նորմալ սնունդ չի տրամադրվում, նույն վիճակն է նաեւ դեղերի մասով: «Գեւորգյանի խուց գնալու ճանապարհին լսում եմ, թե ինչպես է կողքի խցերից մեկում, գիտեք մարդը ինչ կարգի էր գոռում, մղկտալով գոռում էր, ասում էր ինձ մի հատ դեղ բերեք: Հսկիչը եկել է բժշկին ասում է մեղք է,  կմեռնի այդ տղան, մի հատ ցավազրկող տվեք, ասում է՝ չունենք,  ի՞նչ անենք»,- ավելացնում է ասոցիացիայի նախագահը: Իրավապաշտպանների գնահատմամբ՝ «Նուբարաշեն»-ը  ոչ թե ուղղիչ, այլ պատժիչ  քրեակատարողական հիմնարկ է: Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ ցանկանում է բոլոր ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ կալանավորվածները խցերում հերթով են քնում, իսկ բողոքի ծայրահեղ քայլի՝ հացադուլի,  դիմած մարդկանց էլ չեն տեղափոխում առանձին խուց. «Մեկ տասնյակից ավելի մարդիկ նորմալ սնվում են, իսկ ինքը գտնվում է հացադուլի պայմաններում, սրանից ավելի անմարդկային վերաբերմունք չի կարող լինել» Նինա Կարապետյանցն էլ անդրադառնալ նաեւ այն փաստին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող իր պաշտպանյալն այնպիսի հիվանդություններ ունի, որոնք պատժի հետագա կրման հետ անհամատեղելի են: Սակայն պատասխաններից մեկով Հրաչյա Գեւորգյանը չունի պարկինսոնյան հիվանդություն, իսկ մյուսով ունի: «Մի հատ կողմնորոշվեք այս մարդը վերջը Պարկինսոնով հիվանդ է, թե ոչ: Ինքը  չի կարող 12 ամիս առաջ վեց ամսով պարկինսոնով հիվանդ լինի, 6 ամիս հետո չլինի»: Իր պաշտպանյալին շաբաթ մեկ անգամ տեսակցող Նինա Կարապետյանցը նշում է՝ օր օրի վիճակն ավելի է վատանում: Ծեծի հետեւանքով նույնիսկ սայլակին գամվածը քթի կոտրվածք է ստացել: Հելսինկյան ասոցիացիայի նախագահը վստահ է՝ իր բարձրացրած բոլոր խնդիրները ՔԿՀ-ն եւ Արդարադատության նախարարությունը հերքելու են: