Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հալեպից բնակիչների տարհանումը դադարեցվել է

Քաղաքականություն
siria-nkar

Զինյալների  եւ խաղաղ բնակչության տարհանումը  ազատագրված Հալեպ քաղաքից ընդամենը մեկ օր տեւեց։  Ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին շրջաններից բնակչության  դուրսբերումը դադարեցվել է։  Կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Իշխանությունները  պնդում են, որ ապստամբները փորձել են իրենց հետ տանել գերիներին։ Ապստամբներն ի պատասխան մեղադրում են սիրիական բանակին աջակցող խմբավորումներին՝ տարհանվող ավտոբուսների ուղղությամբ կրակահերթեր արձակելու մեջ։ Իսկ նախորդ գիշերվա ընթացքում 6000 անձ է տարհանվել Արեւելյան Հալեպից, այդ թվում՝ 3000 գրոհային։ Էր Ռաշիդին շրջանի Սալահ ահ Դին թաղամասից ավտոբուսները շարժվել են հիմնականում դեպի Էդլիբ, որը գտնվում է ընդդիմադիրների հսկողության տակ։ Զինյալները Հալեպից հեռացել են՝ մաքրելով բոլոր հետքերը։ Ոչնչացվել են կարևոր փաստաթղթեր, քարտեզներ, զենքի պահեստներ։ Նախորդ գիշեր հեռացողների տեղաշարժը հսկել է ռուսական օդուժը։ Չնայած անվտանգության երաշխիքիների վերաբերյալ իշխանության խոստումներին՝ ԱՄՆ-ն տվյալներ ունի, որ կառավարական ուժերը Հալեպի խաղաղ բնակիչների նկատմամբ  բռնություններ են կիրառել։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ասադի վարչակարգին մեղադրել է Հալեպը սպանդանոցի վերածելու փորձի մեջ։ Հալեպից հեռացողներին ընդունելու պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։ Ավելի վաղ թուրքական կողմը Սիրիայի հետ սահմանին փախստականների ճամբար կառուցելու մտադրության մասին էր հայտնել։ Իրավիճակը Հալեպի շուրջ դարձել է Եվրամիության Բրյուսելյան գագաթնաժողովի հիմնական թեման։ Ելույթ է ունեցել  Արևելյան Հալեպի քաղաքապետը՝ խնդրելով օժանդակություն ցուցաբերել բնակիչներին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ 50000  հոգի դեռ գտնվում Է Արեւելյան Հալեպում։ Փորձագետները խուսափում են կանխատեսումներ անել Հալեպում զարգացումների մասին։ Փխրուն կայունությունը կարող է ամեն պահի խարխլվել՝ պայմանավորված նոր ազատագրված քաղաքի մերձակա տարածքներում ընթացող մարտերից։ Իսկ մինչ այդ, անհանգստացնող է    պատմական Պալմիրայի ճակատագիրը։ Վերջնականապես ավերակների վերածվելու վտանգը կրկին կախվել է քաղաքի գլխին։ Պալմիրան օրեր առաջ հետ է գրավվել իսլամիստների կողմից։ Գրոհայինների հրապարակած կադրերում ոչնչացվող հուշարձաններ են։