Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՊԾ գնդի տարածքում զոհվածների ընտանիքները բնակարաններ կստանան

Հասարակություն
i3tq5b23ltM

Երեւանի ավագանու որոշմամբ բնակարաններ են տրամադրվելու  ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված ոստիկանների ընտանիքներին: Դեկտեմբերի 21-ին կայանալիք ավագանու նիստում  ընդգրկված նախագծերից երկուսով  նախատեսվում է Երևան համայնքի սեփականություն համարվող Սիսակյան փողոցի հ.16 շենքի  բնակարանը հետմահու անհատույց սեփականության իրավունքով տրամադրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման» ՀՀ Նախագահի մեդալով պարգևատրված ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի այրուն՝ Արփինե Թումասյանին և նրա երեխաներին՝ Էլեն, Աշխեն և Կարեն Տեփանոսյաններին: Յուրի Տեփանոսյանը մահացել է հուլիսի 30-ին պարեկապահակային ծառայության գնդի տարածքում դիպուկահարի գնդակից։ Նրա ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման համար միջնորդություն է ներկայացրել նաև ոստիկանության պետ՝ գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։ Յուրի Տեփանոսյանը չուներ բնակարան և իր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ միասին բնակվում էր առանց գրանցման, վարձակալական հիմունքներով։ Նույն շենքից բնակարան կստանա նաեւ ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը   եւ որդին՝ Մհեր Մկրտչյանը:   ՊՊԾ շենքի գրավումից հետո նա ծանր վիրավորում էր ստացել եւ օգոստոսի 13-ին այդպես էլ ուշքի չգալով մահացել: Գագիկ Մկրտչյանի ընտանիքի բնակարանային պայմանների բարելավման համար միջնորդություն է ներկայացրել նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Գագիկ Մկրտչյանը չուներ բնակարան եւ իր կնոջ և որդու հետ նույնպես  բնակվում էր  վարձակալական հիմունքներով: