Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունների մտադրությունների վերաբերյալ ոչ մի մոլորություն չունենք. Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-zurabyan-nkar

Հանրապետական Հերմինե Նաղդալյանը մտահոգված է, որ քաղաքացիական հասարակությունը հրաժարվել է մասնակցել 4+4+4 ֆորմատի հետագա աշխատանքներին. «Մեր երկրում քաղաքացիական հասարակությունն, այնուամենայնիվ, չի սահմանափակվում այն ներկայացուցիչներով, այն ինստիտուտներով, այն կազմակերպություններով, որոնք մասնակցել են այս գործընթացին»: Սակայն ընտրությունների կազմակերպման հետագա աշխատանքներին քաղաքացիական հասարակության բացակայությունն առանձնապես չի մտահոգում խորհրդարանի փոխնախագահին՝ հիմնական գործն արված է. «Հիմնական խնդիրները, որ էս ընթացքում լուծվել են, լուծվել են նաեւ իրենց մասնակցությամբ»: Տիկին Նաղդալյանն իրականում տեղյակ չէր, որ քաղաքացիական հասարակությունը հրաժարվել է 4+4+4 ձեւաչափի աշխատանքներից եւ ժամանակ չուներ լսելու նրանց հիմնավորումները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղյակ էր հրաժարումից եւ ժամանակ էլ ուներ. «Դա տապալում չի, որովհետեւ գործընթացն էնպես է կազմակերպված, որ իրենց մասնակցությամբ կամ առանց մասնակցության նա շարունակվելու է»: Հենց պարոն Զուրաբյանն է հիշյալ Ընտրական օրենսգրքի շուրջ բանակցություններում պնդել քաղաքացիական հասարակության մասնակցությունը: Այսօր նա ափսոսում է, որ քաղաքացիական սեկտորն ընդդիմությանը միայնակ թողեց իշխանության հետ բանակցություններում. «Բայց մենք, միեւնույն է... մեր վճռականությունը դրանից չի պակասելու»: Ձեւաչափի հետագա աշխատանքներից հրաժարվելու քաղաքացիական հասարակության փաստարկների հանդեպ իր վերաբերմունքը պարոն Զուրաբյանը չի հայտնի: 6 կազմակերպություն ստորագրել է մի փաստաթղթի տակ, որտեղ, օրինակ, նշված է, որ դիտորդների եւ լրատվամիջոցների իրավունքների սահմանափակումների վերացումն այդպես էլ կառավարությանը չհետաքրքրեց. «Էս իշխանությունների մտադրությունների վերաբերյալ մենք ոչ մի մոլորություն չունենք»: Այս ձեւաչափով բանակցությունների հանդեպ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների վերաբերմունքի փոփոխություն չի սպասվում: Ըստ Լեւոն Զուրաբյանի, նրանց ֆինանսական աջակցությունը պայմանավորված չէր քաղաքացիական հասարակության ներկայությամբ. «Պայմանավորված է եղել իրենց դրական վերաբերմունքով, իրենք այդ դրական վերաբերմունքը համաձայնագրի հանդեպ հայտնել են»:  Պարոն Զուրաբյանը հույս ունի, որ քաղաքացիական հասարակությունը բանակցություններից դուրս կկարողանա օգտակար լինել ընտրություններին: