Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կոնյակը հիասթափեցրել է ֆրանսիացի կոնյակագետին (տեսանյութ)

Հասարակություն
konyak

Ֆրանսիական լեգենդար HENNESSY ապրանքանիշի բրենդ-ամբասադոր Գիյոմ դը Գիտոյը Երևանում առաջին անգամ վարպետության դաս անցկացրեց  ԶԼՄ ներկայացուցիչների համար՝ նրանց պատմելով կոնյակի ստեղծման ավանդույթները, հնեցման գաղտնիքներն ու համտեսման նրբությունները։ Գիտոյը, որն այս ընկերությունում աշխատում է ավելի քան 20 տարի, այսօր առաջին անգամ 10 տարվա հնության հայկական կոնյակ է համտեսել։ «Ա1+»-ի հարցին՝ ինչ կարծիք ունի հայկական կոնյակի մասին, ամբասադորը պատասխանեց. «Առաջին անգամը շատ քիչ է հայկական կոնյակի մասին կարծիք կազմելու համար, բայց պետք է ասեմ, որ վատը չէր։ Որոշ համային երանգներ բացակայում էին, ասես անավարտ լիներ, բայց եթե զարգացնեք տեխնոլոգիաները, ապա, կարծում եմ, հնարավորություն կա ավելի լավ արդյունք ունենալու»։ Վարպետության դաս-համտեսի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները համտեսեցին HENNESSY-ի երեք տեսակի կոնյակ, որոնց վերաբերյալ մեկնաբանություններ արվեցին ինչպես ամբասադորի, այնպես էլ լրագրողների կողմից։ Գիտոյին հետաքրքրում էր, թե ինչ համային զգացողություններ են առաջացնում կոնյակները։ Ի դեպ, կոնյակի համային երանգները զգալու համար, պարզվում է, մեկ ումպը բավարար չէ։ Երկրորդ եւ երրորդ ումպից հետո է միայն հնարավոր բացահայտել կոնյակի համային գաղտնիքները։ Գիյոմ դը Գիտոյը նշեց, որ կոնյակի համային երանգների գլխավոր «պատասխանատուն» տակառն է, որում այն պահվում է, եւ լավագույն համը ստանալու համար տակառը պետք է լինի ֆրանսիական կաղնուց։ «Դու կարող ես ունենալ հիանալի կոնյակի սպիրտ, բայց սարսափելի տակառ՝ 30 տարվա հնության, այդ դեպքում լավ կոնյակ չես ունենա։ Այնպես որ, այստեղ կոնյակի տարիքը բոլորովին նշանակություն չունի։ Ֆրանսիական կաղնին լավագույնն է, նման չէ ուրիշ կաղնիներին»,-ասաց նա։