Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ-թուրքական հարաբերությունները մտել են փակուղի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
turqaget

Այս պահին Թուրքիան մեկ հիմնական, կարեւորագույն խնդիր ունի, որը նոր սրացում ստացավ նոյեմբերի սկզբից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը՝ ավելացնելով. «Նոյեմբերի սկզբին ձերբակալվեց Թուրքիայի խորհրդարան մտած «Քրդական ժողովուրդների» դեմոկրատական կուսակցության մի քանի անդամ: Այսինքն, Էրդողանի հեղաշրջումը շարունակվում է: Երեկ ձերբակալվել է քուրդ ազդեցիկ առաջնորդներից Ահմեդ Քյուրքը:Սա նշանակում է, որ էրդողանը կանգ չի առնելու՝ ոչնչացնելով քրդական բոլոր ուժերին: Իսկ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության դեմ զինված գործողությունները շարունակվում են: Խնդիրն այն է, որ քրդերը գնալով ավելի մեծ հնարավորություն էին ստանում քաղաքական դաշտում բավականին կազմակերպված հանդես գալու: Դրա համար էրդողանը սկսել էր վտանգ տեսնել»: Ըստ նրա՝ սպասելի է, որ էլի կլինեն ձերբակալություններ, քանի որ առջեւում Թուրքիայի Սահմանադրական հանրաքվեն է, որի ժամանակ, եթե Էրդողանը հաջողության հասնի, կառավարման համակարգը խորհրդարանականից կանցնի նախագահականի: Այնպես որ  նման բռնաճնշումներով, ըստ թուրքագետի, Էրդողանը կարճաժամկետ խնդիր է լուծում: Ի դեպ, քրդական հարցի ֆոնին հայ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումներ դեռ չկան: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյան-Ռեջեփ Թաիբ Էրդողան բանավոր խոսքի հրաձգությունները ցույց են տալիս, որ հարաբերությունները շարունակում են մնալ փակուղային իրավիճակում. «Սերժ Սարգսյանի՝ վերջերս արած հայտարարությունը լավատեսական տարրեր չէր պարունակում ու այն, ինչ տեղի ունեցավ Ստամբուլում, սա եւս մեկ անգամ գալիս էր փաստելու, որ Ցյուրիխից հետո հայ-թուրքական հարաբերություններն ամբողջովին փակուղային վիճակում են: Նոր գործընթաց է պետք, որի համար ՀՀ-ն եւ Թուրքիան, առավելեւս Թուրքիան, քաղաքական կամք չեն դրսեւորում»: Արդյո՞ք Թուրքիայի հետ ՌԴ ջերմացող հարաբերությունները կարող են հանդիսանալ այդ նոր գործընթացի սկիզբը, Գեւորգ Պետրոսյանը լավատես չէ. «Կարծում եմ՝ ՌԴ տարածաշրջանային շահերն են, որ նաեւ խոչընդոտում են այդ հարաբերությունների վերականգնմանը: ՌԴ-ին հայ-թուրքական հարաբերությունների վերականգնում պետք չէ, քանի որ այդ պարագայում ՀՀ-ն կկարողանա խուսանավել արտաքին ճակատում, որը ՌԴ-ն իր շահերի տեսանկյունից դիտարկում է որպես իր համար խոչընդոտ»: