Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի քանի անբարոյական մարդ կա բանակում, թող դատախազությունը կանչի իրենց» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sedrak-saroyan

ԱԺ քառօրյայում այսօր ՀՀ պաշտպանության ժամանակ, մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման մասին աղմկահարույց նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ նաեւ գեներալ, ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նա հազվադեպ է ելույթ ունենում, որին դահլիճը պարբերաբար արձագանքում է ծիծաղով: Ըստ նրա՝ այս նախագիծն արդեն երկու օր է՝ քննարկում են եւ ով, ինչ ասես, խոսեց՝ առանց որեւիցե բառ ասելու, որ սա միասնական մի հարց է ու նման հարցեր քիչ են բերվում ԱԺ. «Էլ գող կատու, էլ քաչալ շուն. ամեն ինչի մասին խոսեցինք, բացի օրենքից: Հիշեցինք՝ ով, ինչ տներ է սարքել, ով տուշոնկա է գողացել: Մեկ է՝ գողացողի քթներից դուրս է գալու, եթե իրենցից չէ, երեխեքից է դուրս գալու, որովհետեւ էրեխեքը հետո կամ նարկոման, կամ ղումարբազ են դառնում: Դա թողնենք Աստծո հույսին, քան դատախազի. նա ավելի լավ է դատում»: Դիմելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ Սեյրան Սարոյանը նաեւ ասաց. «Այ Նիկոլը ապրիլյան պատերազմից հետո հրացանը վերցրել, եկել էր կռիվ: Այ մարդ, պիտի պատերազմ լինի՞, որ միասնական լինենք: Մենք գիտենք, որ մեր պետությունը քյասիբ է՝ որ փող չունի, որտեղի՞ց տա: Ասում են՝ գեներալները գող-ավազակ են, բայց գյուղ չկա, որ շուն չլինի: Ենթադրենք, որ մեկն էլ գող է, սակայն ամբողջ ազգը դրա մասին է հիմա լսում: Հենց-նենց գեներալ չեն դառնում, ուրեմն ինչ-որ մի արժանիք ունեցել են: Ինձ ասում են՝ հազար դրամը քո համար ինչ փող է, հա, իսկական փող չի, հաշվեք՝ ամեն հայ մտել է եկեղեցի ու իր էրեխու համար մոմ է վառել. չկա տենց ընտանիք, որ զինվոր չունենա»: Խոսքն ուղղելով Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ նա ասաց. «Վիգենը այդ փողերը իրենց տուն չի տանելու. հարյուր հատ Վիգեն էլ գա, գնա, էդ փողերը կմնան: Ամենահեշտ բանը մարդու վրա ցեխ շպրտելն է, ամոթ է, թշնամին նայում է, ուրախանում է: Մի քանի անբարոյական մարդ կա բանակում, պետք է, թող դատախազությունը կանչի իրենց. զինվորի գողացած հացը ո՞նց կարող են մարսել. սա էն փողը չի, որ ուտվի: Խնդրանքս այն է, որ ամեն ինչի վրա ցեխ չշպրտենք: Էդ ֆեյսբուքների մեջ ինչ ասես գրում են: Հիշեք, հարուստը ոչ մի փող էլ չի տա, այս ժողովուրդն ինքն է իրեն պահելու, մեր հույսը մեր վրա պետք է դնենք: Երեկվանից կերան էս նախարարին, նույն հարցը հարյուր ձեւի տվեցին՝ մեկ դեմից, մեկ հետեւից, հիմա արի նախարար կրուտիտ եղի, որ պատասխանես»: «Ճիշտը այդպես պետք է լինի»,- նրա ելույթից հետո արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Հաջորդ ելույթ ունեցողը ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն էր: «Ոնց որ Պելեից հետո ֆուտբոլ խաղաք»,- կատակեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: